ԻՆՉ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ Հ1-Ը
Քաղաքական
13:55 01/08/2009

ԻՆՉ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ Հ1-Ը

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս սեպտեմբերի 21-ից Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում տեղի են ունենալու փոփոխություններ, նորություններ: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, ողջ աշխարհում ընդունված է, որ հեռուստատեսություններն ու ռադիոներն իրենց նոր եթերաշրջանը սկսեն սեպտեմբերից:

Ըստ նրա, նորություններ շատ են լինելու և հատկապես ֆիլմերի «ոլորտում»: «Լինելու են ոչ թե անվերջ հեռուստասերիլաներ` 100-200-300 սերիա, այլ հեռուստատեսային գեղարվեստական բազմասերիանոց ֆիլմեր` 5-ից մինչև 20 սերիա»,- ասաց նա ու թվարկեց այն ֆիլմերը, որոնք ցուցադրվելու են կամ սկսել են նկարահանման աշխատանքները:

Եվ այսպես, սեպտեմբերից ցուցադրվելու է Նար-Դոսի «Սպանված աղավնու» էկրանավորումը, որի աշխատանքներն արդեն ավարտվել են: Շուտով սկսվելու է Ռեմարկի «Երեք ընկեր» վեպի հիման վրա ֆիլմի նկարահանումները, օգոստոսին սկսվելու է Րաֆֆու «Խաչագողի հիշատարականի» էկրանավորման աշխատանքները, ինչպես նաև ձմռանը սկսվելու են 1935 թվականին Բոստոնում Հայաստանի Առաջին Հանրապետության հայտնի դեմքերից մեկի հեղինակած «Զարթոնք» հինգհատորանի վեպի էկրանավորման աշխատանքները: Այն պատմելու է 1903 թվականից մինչև 1918 թվականը` Սարդարապատի ճակատամարտը, Արևելյան և Արևմտյան Հայաստաններում տեղի ունեցած կարևորագույն դեպքերի, ֆիդայական շարժման մասին: «Շարմ» ընկերության հետ Հանրային հեռուստաընկերությունը համատեղ ութմասանի ֆիլմ է նկարահանելու` «Եղիշե Չարենց»:

Ինչպես ասաց Ա. Հարությունյանը, լինելու են քաղաքական նոր հաղորդումներ` գրթե ամեն օր, ճանաչողական բնույթի հաղորդումներ: Օրինակ սեպտեմբերից ցուցադրվելու է վավերագրական ֆիլմեր նկարահանող «Ազդ փրոդաքշն» ընկերության «Կիլիկիա» հինգմասանի ֆիլմը, որտեղ ներկայացված է Կիլիկիայի պատմությունը, այսօրվա վիճակը: Ցուցադրվելու է նաև կրկին «Ազդ փրոդաքշն» ընկերության «Հայ էքսթրիմ» անվամբ նոր հեռուստանախագիծը:

Ըստ խորհրդի նախագահի, միջազգային մի շարք ընկերությունների հետ բանակցություններ են ընթանում համաշխարհային խոշորագույն ժամանցային նախագծերի վերբերյալ:

Հանրային հեռուստաընկերությունը լի է լինելու նաև սպորտային հաղորդումներով` ձմեռային օլիմպիադա, չեմպիոնների լիգայի ֆուտբոլային խաղեր, ամռանը ցուցադրվելու է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, Հայաստանի ֆուտբոլային հավաքականի բոլոր խաղերը, ըմբշամարտի, ծանրամարտի և միջազգային այլ խաղեր, որտեղ Հայաստանն ունենալու է իր ներկայացուցիչը:

«Հայլուր» լրատվականը, ըստ նրա, իր թղթակցային կետերն է ունենալու նաև աշխարհի այլ երկրներում (այժմ ունի Մոսկվա, Փարիզ, Վաշինգտոն, Լոս Անջելես): 

Ա. Հարությունյանն ասաց, որ փոփոխություններ են լինելու նաև Հանրային ռադիոյի հաղորդումներում, չնայած այն պահպանելու է իր դասական ուղղվածությունը, ինչպես նաև «Արարատ» մշակութային ալիքում և Հ1-ի արբանյակային հեռուստահաղորդումներում:

«Հանրային հեռուստաընկերությունն ավարտում է տեխնիկական վերազինումը, որն ամբողջությամբ նոր է ու թվայանացված: Նման տեխնիկա ամբողջ Հարավային Կովկասում ունի միայն Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը և ադրբեջանական մի մասնավոր հեռուստաընկերություն»,- ասաց Ա. Հարությունյանը:
Placeholder
ԻՆՉ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ Հ1-Ը