ԿԻԼԻԿԻԱՅԻ ՄԱՆՐԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԲԱՑԱՌԻԿ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ
Մշակույթ
14:50 05/08/2009

ԿԻԼԻԿԻԱՅԻ ՄԱՆՐԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԲԱՑԱՌԻԿ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Մատենադարանում արդեն գրեթե մեկ ամիս է, ինչ բացվել է Կիլիկիայի հայկական մանրանկարչական դպրոցի բացառիկ նմուշների հատուկ ցուցադրություն: Թեև ցուցահանդեսը գործում է, բայց այն դեռ ունենալու է պաշտոնական բացում: Կոնկրետ երբ` դեռ հայտնի չէ: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Մատենադարանի ցուցասրահի աշխատակից Լիաննա Վանցյանը:

Ցուցահանդեսում ներկայացված են Մատենադարանում պահվող կիլիկյան այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք եք «Հեթում արքայի ճաշոցը», «Ութ նկարիչների Ավետարանը», Թորոս Ռոսլինի մի քանի ձեռագիր: Ընդհանուր առմամբ, ներկայացված է 40 աշխատանք: Կան ձեռագրեր, որոնք մինչև օրս ցուցադրված չեն եղել: Լ. Վանցյանի խոսքով, ցուցահանդեսը հավանաբար կշարունակվի մինչև տարեվերջ:

Հայ մանրանկարչությունը կազմում է գրքարվեստի կարևորագույն մասը: Հայ մանրանկարչության պատմության մեր յուրահատուկ տեղ ունի հենց կիլիկյան մանրանկարչական դպրոցը: 12-13-րդ դարերում Կիլիկիայում գործել են մանրանկարչական մի քանի դպրոցներ` Դրազարկ, Սկևռա, Հռոմկլա, Գռներ, Ակներ, Բարձրբերդ:

Նշենք, որ Մատենադարանում պահվում են 17.000 ձեռագրեր, որոնցից 13.000 հայկական են, իսկ մնացածը` այլալեզու. դրանցից 2230 արաբատառ ձեռագրերեն` այդ թվում 500-ը` պարսկերեն: Մատենադարում պահվող նյութերը պատմական, մշակութային հարուստ նյութ պարունակող գրքեր են, որոնց ուսումնասիրությունները կարևոր են ոչ միայն հայ մշակույթով զբաղվողների, այլև կովկասյան այլ երկրների, Մերձավոր և Միջին Արևելքի երկրների պատմությունը, մշակույթը հետազոտողների համար:
Placeholder
ԿԻԼԻԿԻԱՅԻ ՄԱՆՐԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԲԱՑԱՌԻԿ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ