ԿԳՆ. ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ է
Կրթություն, գիտություն
18:01 10/08/2009

ԿԳՆ. ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ է

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի ներկայացուցիչ Բուշրա Հալեպոտայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են գրասենյակի կատարած աշխատանքները և փախստականների կրթական խնդիրներին առնչվող հարցեր: Այս մասին հայտնեցին նախարարության մամուլի ծառայությունից:

Նախարարը նշել է, որ Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների գրասենյակը տարիներ շարունակ նպաստել է նրանց հասարակության ինտեգրմանը, չնայած այսօր էլ դրան խոչընդոտող մի շարք խնդիրներ կան` սոցիալական, տնտեսական, ինչպես նաև լեզվական և կրթական, նա հավաստիացրել է, որ փախստականների սոցիալական խնդիրները, այդ թվում նաև կրթության իրավունքի ապահովումը, միշտ նախարարության ուշադրության կենտրոնում է:

Բուշրա Հալեպոտան տեղեկացրել է, որ Հայաստանի տասներկու բուհերում արդեն ընթանում են փախստականների իրավունքների վերաբերյալ դասընթացներ, և նա ապավինում է նախարարության աջակցությանը` մյուս բուհերում ևս այդ դասընթացները ներդնելու համար: Գրասենյակի ներկայացուցիչն անդրադարձել է փախստականների հարցերի շուրջ դասագրքերի ստեղծման անհրաժեշտությանը:

Նա տեղեկացրել է նաև, որ ՄԱԿ-ի փախստականների գրասենյակը աջակցություն է ցուցաբերել դպրոցաշինական ծրագրերին, մասնավորապես, վերանորոգվել են մի շարք ուսումնական հաստատություններ: Բուշրա Հալեպոտան խոսել է նաև հետագայում ուսումնական հաստատությունները համապատասխան մարզական պարագաներով հագեցնելու և տարբեր միջոցառումներ անցկացնելու անհրաժետության մասին: Նա նաև կոչ է արել ընդլայնել տարբեր ծրագրերում փախստականների ընդգրկվածութան աստիճանը:

Անդրադառնալով հյուրի բարձացրած խնդիրներին` նախարարը նշել է, որ կրթության և գիտության նախարարությունը հնարավորությունների սահմաններում կփորձի աջակցել միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգ ընդունված փախստականներին` նրանց անվճար համակարգ տեղափոխելու հարցում` նկատի ունենալով նրանց սոցիալական վիճակը:

Նա նաև կոչ է արել փախստականներին` ներգրավվել օտարերկրյա ուսանողների համար ՀՀ բուհերում կազմակերպվող նախապատրաստական բաժիններում` իրականացնելով իրենց կրթական իրավունքը: Անդրադառնալով դասագրքերի խնդրին` նախարարը ողջունել է գաղափարը` նշելով, որ բուհերի կողմից համաձայնություն ստանալուց հետո նախարարությունը պատրաստ է այն ուղարկել փորձաքննության:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև երկկողմանի փոխըմբռնման հուշագրի ստորագրման անհրաժեշտությանը:

Placeholder
ԿԳՆ. ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ է