ՎԵՃԸ ՀԱՐԹՎԵՑ. ԱՅՍՕՐ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐՎԵՑ
Տնտեսություն
14:01 19/08/2009

ՎԵՃԸ ՀԱՐԹՎԵՑ. ԱՅՍՕՐ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐՎԵՑ

Հայաստանում գործող բջջային կապի երեք օպերատորների` «Ղ-Տելեկոմ», «Արմենտել», «Օրանժ Արմենիա» ընկերությունների և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի միջև ստորագրվել է քառակողմ փոխըմբռնման հուշագիր` փոխկապակցման վճարների վերաբերյալ: Հարցի վերաբերյալ վեճը լուծելու խնդրանքով «Ղ-Տելեկոմ» և «Արմենտել» ընկերությունները մայիսին դիմել էին հանձնաժողովին:

Այսօրվա նիստում հանձնաժողովը քննարկեց և հաստատեց վեճի հետ կապված երկու որոշումներ, որոնց ընդունման ժամանակ հաշվի է առնվել եվրոպական փորձը: Եվրահանձնաժողովի երաշխավորագրում որպես վերջնավորման զանգերի համար սահմանվող արդարացի գների հաշվարկման ուղեցույց առաջարկվում է կիրառել երկարաժամկետ հավելյալ ծախսերի հաշվարկման մեթոդը:

Սահմանվել է, որ եթե ազգային կարգավորող մարմինը, ի թիվս այլ գործոնների, մինչև 2012թ. դեկտեմբերի 30-ը չկարողանա կիրառել նշված մեթոդների վրա հիմնված ծախսերի հաշվարկը, ապա մինչ այդ կարող են սահմանվել անցումային գներ` հիմնված այլընտրանքային մոտեցումների վրա, ընդ որում նշված գները չպետք է գերազանցեն երաշխավորված մեթոդով հաշվարկված վերջնավորման գների միջինը, որը կազմում է 1.5-3 եվրոցենտ:

Ներկայացված որոշման նախագծով ամրագրվում է «Արմենտել», «Ղ-Տելեկոմ» և «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ների հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի միջև 2010թ. հունվարի 1-ից կիրառման ենթակա փոխկապակցման ծառայությունների վճարման ժամանակացույցը: Դրանով նախատեսվում է վճարման կիսամյակային սկզբունքով համամասնորեն նվազեցում 10-60 տոկոսի չափով և 11.4 դրամ միասնական վճարի կիրառում սկսած 2011թ. հուլիսի 1-ից, իսկ բջջային ցանցից դեպի քաղաքային ֆիքսված ցանցը զանգերի մեկ րոպեի սակագինը կկազմի 9 դրամ: Տարադրամների փոխարժեքը հաշվարկվելու է ամսվա վերջին օրը` ԿԲ սահմանած փոխարժեքով:
Placeholder
ՎԵՃԸ ՀԱՐԹՎԵՑ. ԱՅՍՕՐ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐՎԵՑ