ՄԱՀԱՑԵԼ Է ՍԵՐԳԵՅ ՄԻԽԱԼԿՈՎԸ
Մշակույթ
16:54 27/08/2009

ՄԱՀԱՑԵԼ Է ՍԵՐԳԵՅ ՄԻԽԱԼԿՈՎԸ

97 տարեկանում մահացել է սովետական ռուս բանաստեղծ ու գրող Սերգեյ Միխալկովը:
Այս մասին ИТАР-ТАСС գործակալությանը հայտնել են Միխալկովի ընտանիքից: Տեղեկատվության համաձայն Սերգեյ Վլադիմիրովիչը մահացել է մոսկովյան բուժհաստատություններից մեկում:

Ս. Միխալկովը ռուս դասական մանկագիր էր, բանաստեղծ, առակագիր, դրամատուրգ, հասարակական գործիչ, Խորհրդային Միության երկու հիմների և Ռուսաստանի Ֆեդերացիայի հիմնի հեղինակը:

Նա ծնվել է 1913 թվականի մարտի 13-ին Մոսկվայում` ժառանգական ազնվականի ընտանիքում: Իր առաջին բանաստեղծությունը գրել է 15 տարեկանում: 1933-ին լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն:
Ս. Միխալկովը «Հատուկ հանձնարարություն», «Կարմիր փողկապ», «Ես տուն եմ ուզում» պիեսների, «Թագավորներն ամեն ինչ կարող են…», «Այն, ինչ գրված է փետուրով…» սատիրիկ կատակերգությունների ու այլ ստեղծագործությունների հեղինակն է:

Բացի այդ, նրա սցենարների հիման վրա են ստեղծվել բազմաթիվ ֆիլմեր ու մուլտֆիլմեր, ինչպիսիք են օրինակ` «Երեք գումարած երկու», «Մեծ տիեզերական ճանապարհորդություն», «Կոշկավոր կատվի նոր արկածները» և այլն:
Նշենք, որ 53 տարվա ընթացքում նրա կողակիցն է եղել գրող Նատալիա Կոնչալովսկայան: Նրանք միասին դաստիարակել են երկու որդիներին` Անդրեյին և Նիկիտային, ովքեր աշխարհահռչակ ռեժիսորներ են: 1997թ-ին` առաջին կնոջ մահվանից հետո Միխալկովն ամուսնացել է մասնագիտությամբ ֆիզիկ Յուլիա Սուբբոտինայի հետ: Միխալկովների ընտանիքում տասը թոռ և ութ ծոռ կա:
Placeholder
ՄԱՀԱՑԵԼ Է ՍԵՐԳԵՅ ՄԻԽԱԼԿՈՎԸ