Ա. ԱՇՈՏՅԱՆ. ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՆԱԽԵՎԱՌԱՋ ՍՈՎՈՐԵՆ ՍՈՎՈՐԵԼ
Կրթություն, գիտություն
10:48 27/08/2009

Ա. ԱՇՈՏՅԱՆ. ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՆԱԽԵՎԱՌԱՋ ՍՈՎՈՐԵՆ ՍՈՎՈՐԵԼ

Հանրակրթական դպրոցների մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում նախօրեին Վանաձորում կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպել է Լոռու մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների, մանկավարժների և համայնքի ղեկավարների հետ:

Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ, հանդիպման ընթացքում Լոռու մարզպետ Արամ Քոչարյանն նշել է 2008-09 ուսումնական տարում արձանագրած ձեռքբերումներն և հաջողություններն, մասնավորապես անդրադարձել է առարկայական օլիմպիադաներում մարզի աշակերտների ցուցաբերած արդյունքներին, ինչպես նաև մի շարք համայնքների դպրոցներում կատարված վերանորոգման աշխատանքներին:

Նա ներկայացրել է նաև հանրակրթության մասին նոր օրենքի և ավագ դպրոցի համակարգի ձևավորման հետ կապված այս ուսումնական տարվա անելիքները: Նախարարը, շնորհավորելով մասնակիցներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ, նշել է, որ կրթության բնագավառում բարեփոխումները շարունակական բնույթ են կրում, որովհետև ժամանակակից աշխարհն անընդհատ նոր պահանջներ ու մարտահրավերներ է ներկայացնում, որոնց Հայաստանի նման երկրները կարող են դիմագրավել միայն այն դեպքում, երբ ունեն ուժեղ մշակույթ և ուժեղ կրթություն:

Անդրադառնալով հասարակության համար գիտելիքը գերագույն արժեք դարձնելու խնդրին` նախարարն ընդգծել է, որ 21-րդ դարի աշակերտին անհրաժեշտ է դիտարկել որպես ջահ, որը պետք է վառել: Այս համատեքստում Ա. Աշոտյանը նշել է, որ դպրոցներում աշակերտները պետք է նախևառաջ սովորեն սովորել, որովհետև գիտելիքն այնքան արագ է կուտակվում աշխարհում, որ ոչ մի դասագիրք չի կարող սպառիչ պատասխան տալ որևէ բնագավառի բոլոր հարցերին:
Placeholder
Ա. ԱՇՈՏՅԱՆ. ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՆԱԽԵՎԱՌԱՋ ՍՈՎՈՐԵՆ ՍՈՎՈՐԵԼ