ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ «ԹՈՐՈՍ ՌՈՍԼԻՆԻ ԾՆՈՒՆԴԸ» ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ ԳԵՐԱԶԱՆՑ
Մշակույթ
15:55 28/08/2009

ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ «ԹՈՐՈՍ ՌՈՍԼԻՆԻ ԾՆՈՒՆԴԸ» ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ ԳԵՐԱԶԱՆՑ

Մինաս Ավետիսյանի` 1973 թվականին ստեղծված «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարն արդեն վերականգնված է: Աշխատանքները տևել են մեկ տարի, գործում սրտացավորեն ներգրավված են եղել իտալացի մասնագետներ Լորենցո Կասամետին և Ֆաբրիցիո Յակուպինին: Նրանք գործը ավարտել են նախօրեին, իսկ այսօր Ջաջուռ գյուղում գտնվող Մինասի թանգարանի տնօրեն Արմեն Ավետիսյանի, ով նկարչի որդին է ու մշակույթի նախարարի խորհրդական Սոնա Հարությունյանի հետ հանդիպեցին լրագրողներին:

Որմնանկարն արդեն փակցված է թանգարանի պատին, աշխատանքից բանախոսները գոհ են, եղել են նաև դժվարություններ: «Երբ առաջին անգամ տեսա, թե ինչպես են հանում նկարը, ես սենյակից դուրս եկա, բավական դաժան պրոցես էր: Որմնանկարն արդեն ուներ 20 տոկոսի կորուստ: Այն, ինչ կա, օրիգինալ է, որովհետև չի ավելացվել ոչինչ, պահպանվել է նույնիսկ ծեփոնի շերտը»,- ասաց Արման Ավետիսյանը:

Ֆ. Յակուպինին էլ նկատեց. «Երբ այն պոկեցինք ու սկսեցինք աշխատանքը, նկատեցինք, որ այն չի համապատասխանում բոլոր աշխատանքերին, որ նախապես արել էինք, քանի որ Մինասն էլ տարբերվող գույներ էր օգտագործել: Դժվար էր դրանք ճիշտ կոնտրաստով ստանալ»:
«Մեզ վրա մեծ տպավորություն է թողել այն, որ Մինասը միամիտ նկարչի պես է կիրառել գույների համադրությունը, բայց միևնույն ժամանակ օգտագործել է գույների այնպիսի թափանցիկություն, որ ստեղծել է մեծ նկարչին բնորոշ գույներ», - ասաց իտալացի վերականգնող Լ. Կասամետին:

Սեպտեմբերի վերջին Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Ջաջուռում տեղի կունենա որմնանկարի բացման պաշտոնական արարողությունը: Այժմ մոնտաժման փուլում է որմնանկարի վերականգնման մասին պատմող վավերագրական ֆիլմը, որի շնորհանդեսը կլինի հոկտեմբերին` Գյումրիում, ապա Երևանում, որից հետո, երբ Մոսկվայում բացվի Մինասի հոբելյանական ցուցահանդեսը, ֆիլմը կցուցադրվի նաև այնտեղ:
Placeholder
ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ «ԹՈՐՈՍ ՌՈՍԼԻՆԻ ԾՆՈՒՆԴԸ» ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ ԳԵՐԱԶԱՆՑ