ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԵՆՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ ՄՈՌԱՆԱԼ ԱՆՑՅԱԼԸ»
Քաղաքական
11:50 31/08/2009

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԵՆՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ ՄՈՌԱՆԱԼ ԱՆՑՅԱԼԸ»

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, այսպես կոչված` «ֆուտբոլային դիվանագիտության» թեմայով հարցազրույց է տվել «Բի-Բի-Սի»-ին: Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցի հիման վրա համաշխարհային մեդիագիգանտի  հրապարակումը:

««Ֆուտբոլային դիվանագիտություն» տերմինը հայտնվեց մեկ տարի առաջ, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ժամանեց Երևան, իսկ դրա համար ֆորմալ առիթը երկու երկրների հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումն էր:

Սա լավատեսության հնարավորություն տվեց այն առնչությամբ, որ վերջապես Թուրքիայի ու Հայաստանի միջև սահմանը կբացվի, և երկրները համաձայնության գալու գործընթաց կսկսեն: Վերջին շաբաթներին, սակայն, Երևանն Անկարային մեղադրում է գործընթացը սառեցնելու մեջ:

Մեր թղթակից Գեբրիել Գեյթհաուսը եղել է Երևանում և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հարցրել է, թե արդյոք նա կմեկնի Թուրքիա` երկու երկրների հավաքականների միջև ֆուտբոլային պատասխան հանդիպումը դիտելու:

Սերժ Սարգսյան – Գիտեք… այդ հարցին երկու պատասխան կա: Մեկը` ես կգնա՞մ, թե՞ ոչ, էական չէ: Ես ցանկանում եմ ասել, որ մենք կարող ենք ֆուտբոլը դիտելու այցելությունը չկապել Թուրքիայի հետ մեր փոխհարաբերություններին: Հասկանո՞ւմ եք: Պատկերացնենք առնվազն երկու տարբերակ: Ենթադրենք` մենք սառեցնում ենք մեր բանակցությունները Թուրքիայի հետ և ես մեկնում եմ Թուրքիա` ֆուտբոլային հանդիպումը դիտելու: Եվ երկրորդ տարբերակը` մենք շարունակում ենք բանակցությունները, սակայն ես չեմ մեկնում: Ո՞րն է կարևորը: Ցանկանում եմ ասել, որ եթե Ձեր հարցը տալիս եք Թուրքիայի հետ մեր հարաբերությունների կոնտեքստում... հնարավոր է, որ մենք մինչև հոկտեմբեր որևէ արդյունքի հասնենք:  Իմ պատասխանն այդպիսին է:

Բի-Բի-Սի – Իսկ Անկարայից ի՞նչ ազդանշան եք սպասում, որ բանակցությունները շարունակվեն:

Սերժ Սարգսյան – Ես այդ մասին երկու անգամ հայտարարություն եմ արել և հայտարարել եմ հետևյալը. այդ ֆուտբոլային հանդիպումը դիտելու համար ես կմեկնեմ Թուրքիա, եթե մեր սահմանն արդեն բաց լինի, կամ եթե մենք գտնվենք դրա նախաշեմին: Այսինքն` եթե թուրքերը հավատարիմ մնան մեր պայմանավորվածություններին, կլինի դա: Մենք պայմանավորվածություններ ունենք: Եվ ես կարծում եմ, որ նորմալ, ճիշտ ուղին այն է, երբ կողմերը հավատարիմ են մնում իրենց պայմանավորվածություններին: Ցավոք, մինչ օրս այդ պայմանավորվածությունները կատարելու ցանկություն կամ ձգտում ես չեմ նկատել: Մեր ցանկությունը մնում է անփոփոխ` հարաբերությունների հաստատում առանց նախապայմանների:

Բի-Բի-Սի – Դուք պատրա՞ստ եք զիջումների գնալ 1915 թվականի իրադարաձությունների հարցում և այն հարցում, արդյոք Թուրքիան դրանք անվանի Ցեղասպանություն:

Սերժ Սարգսյան – Իհարկե, դա շատ կարևոր է: Կարևոր է մեր ժողովրդի համար, կարևոր է Թուրքիայի համար, կարևոր է նաև ողջ աշխարհի համար: Կարևոր է, որպեսզի պատմական արդարությունը վերականգնվի: Կարևոր է, որպեսզի մեր ժողովուրդները կարողանան նորմալ փոխհարաբերություններ հաստատել: Վերջապես կարևոր է, որպեսզի ապագայում դա այլևս չկրկնվի: Սակայն Ցեղասպանության ճանաչումը մենք չենք դիտարկում նախապայման` այդ հարաբերությունների հաստատման համար:

Բի-Բի-Սի – Այսինքն փոխզիջման գալու հնարավորություն կա՞:

Սերժ Սարգսյան – Ոչ, դա չի կարելի անվանել փոխզիջում: Դա այն դեպքը չէ, երբ կարելի է փոխզիջման մասին խոսել: Մենք ասում ենք` այո, Ցեղասպանություն եղել է, և անկախ այն բանից, թե Թուրքիան կճանաչի այն այսօր, թե ոչ, դա փաստ է, որը ճանաչել և ընդունել են ողջ աշխարհի ցեղասպանագետներն ու աշխարհի շատ ու շատ երկրներ: Բայց առկա պայմաններում մենք դա չենք դիտարկում որպես թուրքերի հետ հարաբերություններ կառուցելու նախապայման:

Բի-Բի-Սի – Բայց բոլոր դեպքերում այդ խնդիրը խանգարում է Թուրքիայի հետ ձեր փոխհարաբերություններին: Մի մարդ, որի հետ ես ավելի վաղ Երևանում զրուցում էի, առաջարկեց այսպիսի տարբերակ. երբ դուք մեքենա եք վարում, պետք է հետևեք, թե ինչ է կատարվում ձեր հետևում, և դրա համար պարբերաբար նայում եք հայելու մեջ: Սակայն գլխավորը դեպի առաջ տանող ճանապարհն է: Որքանո՞վ է այս օրինակը ճիշտ արտացոլում առկա իրավիճակը:

Սերժ Սարգսյան - Ճիշտ է: ես հասկանում եմ, թե ինչ է ուզում այդ մարդն ասել: Նա ասում է, որ մենք պետք է ապագային նայենք: Բայց միևնույն ժամանակ նա նշում է, որ մենք մեր անցյալը մոռանալու իրավունք չունենք»:

Panorama.am. Հիշեցնենք, որ Աբդուլա Գյուլի Երևան կատարած այցելությունը հետևել էր նախագահ Սերժ Սարգսյանի հրավերքին, որից հետո երկու երկրները ձեռնամուխ էին եղել երկկողմ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ ինտենսիվ բանակցություններին: Արդյունքում 2009 թվականի ապրիլին ստորագրվեց ու հրապարակվեց «ճանապարհային քարտեզ», որն իրենից ներակյացնում էր հարաբերությունների կարգավորման կոնկրետ գործողություններ ու ժամանակացույց: Սակայն հաջորդող ժամանակահատվածում Թուրքիայի կողմից դրսևորվեց եղած պայմանավորվածություններից հետ կանգնելու վարքագիծ, որի մասին բարձրաձայնեցին նաև միջազգային փորձագետներն ու օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաները: Վերջիններիս կարծիքով, Անկարայի գործողությունները պայմանավորված են եղել Ադրբեջանի շանտաժով: Չնայած այս հանգամանքին միջազգային հանրությունը լավատեսությունը չի կորցրել և ակնկալում է, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացը` «ֆուտբոլային դիվանագիտությունը» կշարունակվի: Այսօր, ըստ էության, դրա պատասխանատվությունն ամբողջությամբ Թուրքիայի վրա է, քանի որ պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է եղած պայմանավորվածությունների հիման վրա գործընթացը շարունակել:
Placeholder
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԵՆՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ ՄՈՌԱՆԱԼ ԱՆՑՅԱԼԸ»