Ս. ԲՅՈՒՐԱՏԻ ԱՆՎԱՆ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ
Քաղաքական
12:04 01/09/2009

Ս. ԲՅՈՒՐԱՏԻ ԱՆՎԱՆ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

Գիտելիքի օրվա առիթով այսօր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեց բանաստեղծ, հրապարակախոս, Հայոց Մեծ եղեռնի նահատակ Սմբատ Բյուրատի անվան Երևանի թիվ 125 միջնակարգ դպրոց:

2009-2010 թթ. ուսումնական տարվա առաջին օրը պաշտկանության նախարարը Բյուրատի անվան դպրոցի սաների համար արիության դաս անցկացրեց: Նախ նախարարը շնորհավորեց աշակերտներին, ուսուցիչներին ու ծնողներին, ապա մաղթեց, որ մատաղ սերունդը լինի ավելի կրթված, դաստիարակված ռազմահայրենասիրությամբ, նվիրված լինի իր երկրին և ժողովրդին:

«Ի ուրախություն մեր ազատատենչ ժողովրդի` մենք կարողացանք նվաճել մեր անկախությունը, ազատագրել Լեռնային Ղարաբաղը` հայ ժողովրդի քաջորդիների շնորհիվ: Դուք ունեք պետականություն և այդ մեծագույն արժեքը պետք է պահպանեք ու հեռու մղեք մեր երկրին սպառնացող բոլոր վտանգները»,-ասաց նախարարը:

Ըստ նրա, 1988-ից հայ ժողովուրդը միասնականություն է դրսևորել և կարողացել է պարտադրված պատերազմում նունիսկ դաժան պայմաններում պատվով դուրս գալ ու հաղթել: Նախարարը կարևորեց, որ հայը կարողանում է միասնական լինել պատերազմի պահին, բաըց և նշեց, որ հարկավոր է կուռ լինել նաև խաղաղության ժամանակ:

Անդրադառնալով հարևան Ադրբեջանի կողմից անընդհատ հնչող հայտարարություններին` Ս. Օհանյանը նշեց, որ «անընդհատ հնչող ռազմական սպառնալիքները և Զինված ուժերի համալրմանը վերաբերող ռազմական հիստերիան» չպետք է մտահոգության առիթ լինեն: Նախարարը նշեց, որ 1992-ին ադրբեջանցիները ռազմական տեխնիկայով և քանակապես գերազանցում էին հայերին, բայց հայ ժողովուրդը ցուցադրելով իր ողջ ռազմարվեստը կարողացավ հասնել պատմական հաղթանակի:

«Դուք պետք է օրինակ վերցնեք մեր հերոսներից և երբեք չերկնչեք դժվարությունների առջև»,-նկատեց Ս. Օհանյանը:

Նշենք, որ պաշտպանության նախարարը աշակերտներին նվիրեց Արցախյան պաշտպանական բանակին նվիրված իր հեղինակած` «21-րդ դարի բանակը» գիրքը: Իսկ դպրոցի դասարաններով, մասնավորապես, ռազմագիտության դասարանով շրջելուց հետո, նախարարը աշակերտներին խոստացավ դպրոցում նոր հրաձգարան ստեղծել:

Placeholder
Ս. ԲՅՈՒՐԱՏԻ ԱՆՎԱՆ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ