«ՆԱԻՐԻՏ»-Ը ԿՄԱՍՆԱԿՑԻ «ARMENIA EXPO 2009»-ԻՆ
Տնտեսություն
17:22 03/09/2009

«ՆԱԻՐԻՏ»-Ը ԿՄԱՍՆԱԿՑԻ «ARMENIA EXPO 2009»-ԻՆ

«Նաիրիտ Գործարան» ՓԲ ընկերությունը կմասանակցի «Armenia EXPO 2009» տարածաշրջանային առևտրաարդյունաբերական ցուցահանդեսին, որը կանցկացվի սեպտեմբերի 4-9-ը: Ցուցահանդեսի արարողությանը կմասնակցի նաև ընկերության գլխավոր տնօրեն Վահան Մելքոնյանը:

Ինչպես տեղեկացրին «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից, ընկերության մասնակցության հիմնական նպատակն է ներկայացնել ընկերության արտադրանքը, ինչպես նաև ձեռքբերումներն ու հնարավորությունները:

«Armenia EXPO 2009» ցուցահանդեսի հյուրերը և մասնագետները կծանոթանան ընկերության հիմնական արտադրատեսկներին` քլորոպրենային կաուչուկներին և լատեքսներին (DM, DP, DV, DSR, DKT, DKM, L-18, L-14 և այլ), որոնք լավ ճանաչում ունեն աշխարհի շատ երկրներում և լայնորեն կիրառվում են սեպաձև փոկերի, փոխակրիչային ժապավենների, ռեզինե խողովակների, մեղմիչների ռետինե գործվածքների, խցանիչ միջադիրների, մալուխների պաշտպանիչ պատյանի և այլ արտադրություններում:

Տեղեկատվության համաձայն, «Նաիրիտ»-ներն առանձնանում են պահպանման գերազանց կայունությամբ, ինչպես նաև մշակման ընթացքում կանխատեսելիությամբ, ինչով էլ պայմանավորված է դրանց մրցունակությունը և պահանջարկը աշխարհի համարյա բոլոր տարածաշրջաններում:

Նշենք, որ ընկերությունն արտադրում է նաև այլ քիմիական ապրանքատեսակներ` կարբինոլի օշարակ, լաք-էթինոլ, նատրիումի հիպոքլորիդ, կաուստիկ սոդա, աղաթթու և այլ: Աշխատանքներ են տարվում կարբոնաթթուների (քացախաթթու, մրջնաթթու, պրոպիոնային թթու) և ռեզինատեխնիկական իրեր արտադրությունների վերականգնման ուղղությամբ:
Placeholder
«ՆԱԻՐԻՏ»-Ը ԿՄԱՍՆԱԿՑԻ «ARMENIA EXPO 2009»-ԻՆ