ԿԳ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹԵԺ ԳԻԾԸ ԹԵԺԱՑԵԼ Է
Կրթություն, գիտություն
14:15 09/09/2009

ԿԳ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹԵԺ ԳԻԾԸ ԹԵԺԱՑԵԼ Է

«Ուսումնական տարին մեկնարկել է, և մեր նախարարության թեժ գիծը թեժացել է»,-այսօրվա ասուլիսում խոսելով դպրոցներում առկա դրամահավաքների մասին` ասաց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նշենք, որ ասուլիսը նվիրված էր ԿԳ նախարարի պաշտոնավարման 100 օրվան:

Նա նշեց, որ ահազանգերը հիմնականում ավելի շատ են մայրաքաղաքի դպրոցներից, ինչպես նաև կան ահազանգեր մարզերից:

«Զանգահարողները հիմնականում նշում են, որ այս կամ այն կերպ աշակերտներին պարտադրում են գումար հավաքել»,- հավելեց նախարարը: Ա. Աշոտյանը զգուշացրեց և վստահեցրեց, որ նախարարի փոփոխությամբ դրամահավաքների հանդեպ եղած վերահսկողությունը չի ավարտվել:

Նա նշեց, որ հանձնարարել է ուսումնասիրել բոլոր ահազանգերը, սակայն ցավոք, այդ ահազանգերի ճնշող մեծամասնությունը անանուն են, դրա համար հիմք չենք ունենում այս կամ այն մարդուն վկայակոչելու:

Նրա խոսքերով, տնօրեները պետք է վերջապես հասկանան, որ համապատասխան գումարներ հավաքելը պետք է լինի միայն ծնողական կոմիտեի որոշմամբ:

«Կան դրամահավաքի ձևեր, որոնք կրում են թաքնված կաշառքի բնույթ: Դա անխտիր պետք է բացահայտվի և պատժվի»,- ասաց նախարարը:

Նախարարի վստահեցմամբ, ուսուցիչների բազմահազարանոց բանակը կարիք չունի «նման ձևերով» հավելյալ դրամական օգնության:

«Մեր ուսուցիչների բազմահազարանոց բանակը կարիքը ունի գնահատման և հարգանքի»,- ասաց նախարարը:
Placeholder
ԿԳ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹԵԺ ԳԻԾԸ ԹԵԺԱՑԵԼ Է