«ՀԱՅ ՖԵՍՏ» ՅՈԹԵՐՈՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ  ԵՐԵՎԱՆՈՒՄ
Մշակույթ
14:26 22/09/2009

«ՀԱՅ ՖԵՍՏ» ՅՈԹԵՐՈՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Հոկտեմբերի 1-8-ը Երևանում կկայանա «ՀԱՅ ՖԵՍՏ» յոթերորդ միջազգային թատերական փառատոնը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը:

Նա նշեց, որ այս տարի փառատոնն անցած տարվա համեմատ փոքր կլինի, սակայն դա չի նշանակում, որ այն վատը կլինի: Այս տարի փառատոնին մասնակցելու են 22 երկրներից շուրջ 33 թատերական խմբեր, այդ թվում` Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Կանադայից, Սլովենիայից, Լեհաստանից, Իսրայելից, Ֆրանսիայից, Ղազախստանից, Վրաստանից, Նիդերլանդներից, Իրանից և Հայաստանից:

Նշենք, որ անցած տարի փառատոնին մասնակցել են 62 խմբեր` 32 երկրներից:

«Այս տարի թատրոնները տնտեսական ճգնաժամի պատճառով չեն կարողանում գալ Հայաստան»,- հավելեց փառատոնի նախագահը:

Փառատոնի շրջանակներում կցուցադրվեն ավելի քան 50 ներկայացումներ 16 բեմահարթակներում: Թատերասերները հնարավորություն կունենան դիտել դրամատիկական, երաժշտական, պարային ներկայացումներ, մատների թատրոն, ինչպես նաև բազում բացօթյա ներկայացումներ:

Արթուր Ղուկասյանի խոսքերով, փառատոնն իրենց մասնակցությամբ կպատվեն համաշխարհային մեծության այնպիսի թատրոններ, ինչպիսիք են Ֆրանսիայից Ֆիլիպ Ժանտի թատրոնը, Շվեյցարիայից «Տրիկստեր» թատրոնը, Բուլղարիայից «Կրեդո» թատրոնը:

Բացի այդ փառատոնին կմասնակցեն միջազգային էքսպերտներ` Լոնդոնի Արվեստի Համալսարանի պրաֆեսորներ Նոյել Վիտսը և Պիտ Բրուսքը, Յանա Պրեկովան (Պրահայի Թատերանկարչության և Բեմանկարչության Կվադրիենալե), Դեվիթ Բուրմանը (ԻնտեՍտուդիո, ԿուկԱրտ փառատոնի տնօրեն, Սանտ Պետերբուրգ):

Նա նշեց, որ փառատոնի հիմնական ծրագրերից բացի այս տարի սպասվում են Բաց հասարակության Ինստիտուտի արվեստի և մշակույթի ցանցային ծրագրի աջակցությամբ «Բեմանկարչության զարգացումը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում» խորագրով սեմինարներ, վարպետության դասեր, ցուցահանդեսներ:

Արթուր Ղուկասյանի տեղեկացմամբ, «ՀԱՅ ՖԵՍՏ-2009»-ը կբացվի Բուլղարիայի Կրեդո թատրոնի «Շինել» ներկայացումով` ըստ Ն. Գոգոլի հայտնի նովելի:

Այս տարի 6 թատերխմբեր հանդես կգան բացօթյա` Շառլ Ազնավուրի հրապարակում: Հայկական թատերխմբերից փառատոնին մասնակցելու է «Միհր» թատրոնը, «Տիկնիկային թատրոնը», «Կամերային Թատրոնը» և այլն:

Փառատոնի նախագահը նշեց, որ ներկայացումների տոմսերի արժեքը կտատանվի 500-1000 դրամ, կլինեն նաև անվճար ներկայացումներ:


Նշենք, որ այս տարի փառատոնը անց է կացվում ՀՀ նախագահի, ՀՀ կառավարության և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: ՀՀ մշակույթի նախարարությունը փառատոնին տրամադրել է 35 մլն դրամ:

Placeholder
«ՀԱՅ ՖԵՍՏ» ՅՈԹԵՐՈՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ