«ՍԱՀՄԱՆ» ՖԻԼՄԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Մշակույթ
16:11 25/09/2009

«ՍԱՀՄԱՆ» ՖԻԼՄԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Այսօր Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի Ազգային ֆիլմադարանում մեկնարկելու է կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի ֆիլմերի ռետրոսպեկտիվը: Հետահայց ցուցադրությունը կազմված է յոթ ֆիլմից: Այս մասին ասուլիսում ասաց Հ. Խաչատրյանը:
Նշենք, որ սա Մոսկվայի միջազգային կինոփառատոնում կայացած ռետրոսպեկտիվից հետո կինոռեժիսորի ֆիլմերի երկրորդ նմանատիպ մեծածավալ ներկայացումն է: Հաջորդ հետահայց ցուցադրությունը նախատեսվում է դեկտեմբերի վերջին` Թբիլիսիի միջազգային կինոփառատոնի շրջանակներում:

Իսկ ինչ վերաբերում է Հ. Խաչատրյանի վերջին` «Սահման» ֆիլմին, այն վերջերս արժանացել է ևս երկու մրցանակի (առաջին երկու մրցանակներն են` Հյուսթոնի 42-րդ միջազգային փառատանում` «Պլատինե» մրցանակ, Սիրակուզայի միջազգային փառատոնում` «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» մրցանակ):

Սեպտեմբերի 13-20 Անապայում անցկացվող ԱՊՀ և Բալթյան երկրների «Կինոշոկ» 18-րդ կինոփառատոնում ֆիլմին շնորհվել է «Լավագույն ռեժիսուրայի» համար մրցանակ, իսկ «Կինոատելյե» ասոցիացիայի կողմից, որը միավորում է Իտալիայի և Սլովենիայի կինոքննադատներին` ամենամյա` Դարկո Բրատինայի անվան «Տարվա լավագույն ֆիլմ» մրցանակը:
«Սահման ֆիլմը սեպտեմբեր-հոկտեմբերին ներկայացվելու է միջազգային այլ կինոփառատոներում` Ռումինիա, Համբուրգ, Անթալիա («Ոսկե նարինջ»), Բաթումի, Վարշավա, Պուսեն, Տոկիո: Փառատոներում բացի սահման ֆիլմից, ներկայացվելու են նաև հայկական այլ ֆիլմեր:

«Եթե նկատում եք, հայկական կինոն բավականին հետաքրքիր շարժ, հետաքրքիր ճանապարհորդություն է կատարում»,- ասաց Հ. Խաչատրյանը:

Տեղեկացնենք, որ Հ. Խաչատրյանն արդեն աշխատում է մեկ այլ` «Անվերջ վերադարձ» ֆիլմի վրա, որի 30 տոկոսն արդեն պատրաստ է:
«Սահման» ֆիլմը հայ-ադրբեջանական սահմանը հատող գոմեշի մասին պատմություն է:
Placeholder
«ՍԱՀՄԱՆ» ՖԻԼՄԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ