«ԿՈՄՊՅՈՒՏԵՐԱՅԻՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ» 7-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ`ԵՐԵՎԱՆՈՒՄ
Տնտեսություն
13:15 28/09/2009

«ԿՈՄՊՅՈՒՏԵՐԱՅԻՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ» 7-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ`ԵՐԵՎԱՆՈՒՄ

Այսօր ԳԱԱ-ում մեկնարկեց «Կոմպյուտերային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» (CSIT-2009) 7-րդ միջազգային գիտաժողովը, որը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 2-ը:

Գիտաժողովն անցկացվում է ինֆորմացիոն տեխնոլոգիաների միամսյակի շրջանակներում՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանու ներքո:

Գիտաժողովին մասնակցում են մոտ 200 մասնագետներ, այդ թվում 62-ը ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Նորվեգիայից, Վրաստանից, Բրազիլիայից, Լեհաստանից, Սիրիայի Արաբական Հանրապետությունից, Չեխիայի Հանրապետությունից, Թուրքիայից, Ճապոնիայից, Չինաստանից, Իրանից, Իսպանիայից, Ուկրաինայից, Գերմանիայից, Կանադայից, Ֆրանսիայից՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտի միջազգային նախագծերի ղեկավարներ, առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ, տարբեր երկրներից ժամանած ուսանողներ:

Գիտաժողովի նպատակն ու առաքելությունը մասնակիցներին ներկայացրեց ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Յուրի Շուքուրյանը: Մասնակիցներին ողջունեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, «Սինոփսիս»-ի նախագահ Չի-Ֆուն Չանը, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Վիկտոր Իվաննիկովը, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Վահան Շահգելդյանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը նշեց, որ այս միամսյակի շրջանակներում բազմաթիվ նախաձեռնություններ են լինելու և ընկերությունների և նախարարության կողմից, և այդ բոլոր նախաձեռնություններին առնվազն համաֆինանսավորում են իրականցնելու: «Միջոցառումները լինելու են կոնֆերանսներ, մրցանակաբաշխություններ, լինելու են մի քանի կենտրոնների բացումը, մանավորապես «Մայքրոսոֆտի» Ինովացիոն կենտրոնի, Սիլիկոնային հովտում պլանավորում ենք ստորագրել տեղի գլոբալ առևտրի միության համաձայնագիր, որով հասանելի կլինենք բոլոր տեղեկատվությանը շուկայի վերաբերյալ, ինչպես նաև կուժեղանա բիզնեսի հետ կապը»,- հավելեց նա:

Նրա խոսքով, CSIT-2009 7-րդ միջազգային գիտաժողովի առաքելությունն է քաջալերել կոմպյուտերային գիտության զարգացումը և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ասպարեզում փորձագետների միջև գիտական և տեխնոլոգիական տեղեկատվության փոխանակումը, ինչպես նաև հնարավորություն ստեղծել ընդլայնելու Հայաստանի և միջազգային կենտրոնների գիտնականների միջև համագործակցությունը:



Գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին զեկույցներ հիմնարար գիտությունների ոլորտից, ինչպես նաև հաջորդող օրերի ընթացքում կանցկացվեն կիրառական նշանակություն ունեցող հատուկ աշխատանքային նստաշրջաններ՝ «Հայաստանի մասնակցությունը Սևծովյան փոխկապակցություն նախագծին», «Տեղեկատվության անվտանգությունը Հայաստանում - ներկա վիճակը և խնդիրները», «UNL - Համընդհանուր ցանցային լեզու», «Հայկական ազգային GRID նախաձեռնություն», «Հարավային Կովկասի տարածաշրջանի GRID ինֆրակառուցվածքները. ներկա վիճակը և հեռանկարները» թեմաներով:

Գիտաժողովի ընթացքում կանցկացվեն նաև ուսուցողական սեմինարներ: Մասնակիցները գիտաժողովի արդյունքները կամփոփեն «Հայաստանում ԻՏ քաղաքականության շուրջ» թեմայով կլոր սեղանի ընթացքում:

Նշենք, որ CSIT-2009 7-րդ միջազգային գիտաժողովը կազմակերպված է ՀՀ ԳԱԱ-ի, ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կողմից, ՀՀ կառավարության, «Սինոփսիս» Հայաստան LTD-ի, «Յունիկոմպ» CJSC-ի, «Հայլինք» JSC-ի, Երևանի ավտոմատ կառավարման համակարգերի գիտահետազոտական ինստիտուտի, Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի, «ՎիրաժԼոջիք» Հայաստանի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Հայաստանի զարգացման գործակալության աջակցությամբ:

Placeholder
«ԿՈՄՊՅՈՒՏԵՐԱՅԻՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ» 7-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ`ԵՐԵՎԱՆՈՒՄ