ՆԱԽԱԳԱՀ. ԵԹԵ ՄԵՆՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՄՐՑՈՒՆԱԿ ԼԻՆԻ, ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ԼՈՒԾԵԼ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Տնտեսություն
17:30 29/09/2009

ՆԱԽԱԳԱՀ. ԵԹԵ ՄԵՆՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՄՐՑՈՒՆԱԿ ԼԻՆԻ, ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ԼՈՒԾԵԼ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ Նախագահի ամենամյա մրցանակների արժանացած 30 ուսանողներին և աշակերտներին: Նախագահի մամլո գրասենյակի հաղորդմամբ` նախագահ Սարգսյանը շնորհավորել է մրցանակակիրներին և մաղթել նորանոր հաջողություններ: Երկրի ղեկավարը կարևորել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախաձեռնած և արդեն ավանդական դարձած այս մրցանակաբաշխությունը` նշելով, որ այն ևս մեկ հնարավորություն է` բացահայտելու և զարգացնելու շնորհաշատ երիտասարդների կարողությունները:

«Երբ մենք ասում ենք, որ մեր երկրի հարստությունը կրթված և ժամանակակից սերունդն է, առաջին հերթին նկատի ունենք այնպիսի երիտասարդներին, ինչպիսին դուք եք: Այսօր աշխարհում հասարակությունների զարգացածության մակարդակը չափվում է նաև դրանցում բարձր տեխնոլոգիաների տարածվածության աստիճանով: Այդպիսի հասարակություննները ենթադրում են բարձր կրթական մակարդակ, փոփոխություններ կյանքի բոլոր բնագավառներում: Հետևաբար, եթե մենք ցանկանում ենք, որ մեր երկիրը մրցունակ լինի, պարտավոր ենք լուծել այս խնդիրները: Ուզում եմ վստահեցնել, որ ձեր աշխատանքը պահանջված է, գնահատված և պետությունը մշտապես սատարելու է ձեզ նման երիտասարդներին»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Մրցանակակիրները շնորհակալություն են հայտնել Նախագահ Սարգսյանին և «Սինոփսիս Արմենիա» ընկերության ղեկավարությանը` ցուցաբերվող ուշադրության և գիտելիքների կատարելագործման ընձեռված հնարավորությունների համար:

Հանդիպմանը ներկա «Սինոփսիս» ընկերության նախագահ, գլխավոր օպերացիոն տնօրեն Չի-Ֆուն Չանն ասել է, որ ընկերությունը Հայաստանում երկարաժամկետ ծրագրեր ունի և շարունակելու է ներդրումները տեղեկատվական տեխնոլոգիաների գիտակրթական ոլորտում:

Սերժ Սարգսյանը նշել է, որ սա այն դեպքերից է, երբ պետության և մասնավոր ընկերության շահերը լավագույնս համընկնում են, ուստի, պետությունը պատրաստ է սատարելու ընկերության` այդ շահերին ծառայող նախաձեռնություններին:

Սերժ Սարգսյանը «Սինոփսիս» ընկերության փոխնախագահ, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանին պարգևատրել է հատուկ մրցանակով` Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ամենամյա կրթական պարգևների մրցանակաբաշխության կայացման գործում նշանակալի ավանդի համար:
Placeholder
ՆԱԽԱԳԱՀ. ԵԹԵ ՄԵՆՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՄՐՑՈՒՆԱԿ ԼԻՆԻ, ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ԼՈՒԾԵԼ ԽՆԴԻՐՆԵՐԸ