Հայաստանն Իտալիա ու Ֆրանսիա գորտ է արտահանում
Տնտեսություն
11:15 16/10/2009

Հայաստանն Իտալիա ու Ֆրանսիա գորտ է արտահանում

Հայաստանը գորտ է արտահանում: Այս մասին Panorama.am-ին ասաց գյուղատնտեսության նախարարության սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի պետ Ալեքսանդր Ալեքսանյանը:

Նրա խոսքով, հանրապետությունից 600 կիլոգրամ գորտ է արտահանվել Իտալիա և 5 տոննա` Ֆրանսիա:

Ըստ Ա. Ալեքսանյանի, բացի գորտից, հանրապետությունն արտահանում է ընդհանուր առմամբ 334 տոննա խեցգետին: Արտահանումը, հիմնականում, իրականացվում է եվրոպական երկրներ և Ուկրաինա:

«334 տոննայից 130 տոննան եփած սառեցված խեցգետինն է, որն արտահանվում է Շվեդիա: Արտահանումն իրականացվում է մեքենայով»,-ասաց Ա. Ալեքսանյանը:

Ինչպես նշեց գյուղատնտեսության նախարարության սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի պետը, հանրապետությունից նաև երիշիկեղեն է արտահանվում Վրաստան:

Հիշեցնենք, միայն, որ մարտ ամսին Ա. Ալեքսանյանը Panorama.am-ի հետ զրույցում նշել էր, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պատճառով թե՛ արտահանումների, թե՛ ներկրումների ծավալը կտրուկ նվազել է: Մարտի դրությամբ Հայաստանից Վրաստան է արտահանվել միայն 1 տոննա երշիկ:

Իսկ այժմ, Հայաստան շատ քիչ քանակով մթերք է ներկրվում: Հիմնականում երկիրը ներկրում է ցիտրուսային, արևադարձային ու մերձարևադարձային տարբեր մրգեր: Օրինակ՝ Էկվադորից ներկրվում է ադամաթուզ, Հունաստանից ու Հարավաֆրիկյան Հանրապետությունից՝ նարինջ, Հունաստանից՝ կիտրոն, Վրաստանից, Հունաստանից ու Պարսկաստանից՝ մանդարին, Հունաստանից ու Պարսկաստանից՝ թուրինջ: Պարսկաստանից նաև Հայաստան է բերվում տարբեր մրգերի չրեղեն ու պարսկական խուրմա:
Placeholder
Հայաստանն Իտալիա ու Ֆրանսիա գորտ է արտահանում