Դասական երաժշտության համերգ` հայ եվ արտասահմանցի ճանաչված երաժիշտների մասնակցությամբ
Մշակույթ
14:24 20/10/2009

Դասական երաժշտության համերգ` հայ եվ արտասահմանցի ճանաչված երաժիշտների մասնակցությամբ

Հոկտեմբերի 22-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը Երևանյան 3-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում կանցկացվի դասական երաժշտության համերգ, որին մասնակցելու են հայ և արտասահմանցի ճանաչված երաժիշտներ: Այս մասին Panorama.am-ին ասաց ՀՀ մշակույթի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գայանե Դուրգարյանը:

Նա նշեց, որ դասական համերգին Մեծ Բրիտանիայից հանդես կգան դաշնակահար Էշլի Վոսը և ալտահար Ալեքսանդր Չաուշյանը, Ճապոնիայից ջութակահար Դայշին Կաշիմոտոն, ինչպես նաև Նիկողայոս Վարդանյանը, Կարեն Քոչարյանը, Մերի Մարգարյանը և ուրիշներ: Համերգի ծրագրում կհնչեն Չաուշյանի, Շոստակովիչի և Բրամսի ստեղծագործությունները:

Նրա տեղեկացմամբ, հոկտեմբերի 23-ին` փառատոնի հադիսավոր փակման համերգին, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ հանդես կգան Էշլի Վոսը, Դայշին Կաշիմոտո և Ալեքսանդր Չաուշյանը` կատարելով Բեթհովեն, Ալեքսանդր  Հարությունյան և Պրոկոֆև:
Երևանյան 3-րդ միջազգային երաժշտական փառատոնը մեկնարկել է սեպտեմբերի 11-ին: Փառատոնի սկիզբն ազդարարվել է Տ. Մանսուրյանի (Պարտիտա, Կոնցերտ ալտի և նվագախմբի համար թիվ 2) և Շոստակովիչի (Սիմֆոնիա թիվ 5) գործերի կատարումներով:

Հանդես են եկել վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Որպես մենակատար հանդես է եկել տաղանդաշատ ալտահար Քիմ Քաշքաշյանը (ԱՄՆ), ով Հայաստան է ժամանել 14 տարվա բացակայությունից հետո: Երևանյան միջազգային 3-րդ երաժշտական փառատոնի շրջանակներում Երևանում հոկտեմբերի 16-ին դասական երաժշտության համերգային ծրագրով հանդես են եկել նաև հանրահայտ թավջութակահար Նատալյա Գուտմանը և ջութակահար Սվյատոսլավ Մորոզն:

Նշենք, որ փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը և Ալեքսանդր Չաուշյանը:

Placeholder
Դասական երաժշտության համերգ` հայ եվ արտասահմանցի ճանաչված երաժիշտների մասնակցությամբ