Բժշկական համալսարանի ղեկավարությունը տեղյակ չէ, որ համալսարանի դիպլոմը Իրանում անվավեր է համարվելու
Կրթություն, գիտություն
13:40 21/10/2009

Բժշկական համալսարանի ղեկավարությունը տեղյակ չէ, որ համալսարանի դիպլոմը Իրանում անվավեր է համարվելու

Երևանի պետական բժշկական համալսարանի ղեկավարությունն անհեթեթ է համարում այն տեղեկությունը, որ իրենց շրջանավարտների դիպլոմը Իրանում 2010 թվականի շրջանավարտների համար անվավեր է համարվելու: Հիշեցնենք, որ իրանական Mehr գործակալությունը, վկայակոչելով Իրանի առողջապահության նախարարության կրթության բաժնի վարիչ Գուլամռզա Հասանզադեին, տեղեկացրել էր, որ Հայաստանի Բժշկական համալսարանի ավարտական դիպլոմները Իրանում անվավեր են համարվելու: Իրանական կողմի ընդունած այդ որոշումը վերաբերելու է 2010 թվականի շրջանավարտներին: Նույն «բախտին» են նաև արժանացել Ուկրաինայի բժշկական բուհերը:

Բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավարը Panorama.am-ի թղթակցի համապատասխան հարցից զարմացավ և նույն զարմանքով էլ ասաց, որ «նման բան հնարավոր չէ»:

Բուհի միջազգային կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանն էլ աշխատակազմի ղեկավարի հեռախոսով փոխանցեց, որ նման բան չկա և «Իրանի քաղաքացիները կարող են ուսանել բժշկական համալսարանում»:

Սակայն, ի տարբերություն բուհի ղեկավարությանը, այդ որոշման մասին տեղյակ էր 2008-ից բժշկականի ուսանող և Իրանի քաղաքացի Ջավադ Մոհամմադին: Նրա վրա այդ որոշումը չի տարածվում:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում իրանցին ասաց, որ Իրանի և Հայաստանի բժշկական կրթության համակարգերը տարբեր են:

«Տարբերությունը բժշկական թրեյնինգների մեջ է, օրինակ Իրանում ամեն օր կարող են բժշկական սարքավորումներին ծանոթանալ, ուսումնասիրություններ կատարել, վիրահատություններին մասնակցել, չենք կարող ներգրավվել գործնական աշխատանքների մեջ, բայց այստեղ միայն դիտորդ ենք` չենք կարող անել ոչ մի նման բան», - հավելեց Մոհամմադին:

Նա չի կարող ասել` որոշումը տեղի՞ն էր, թե՞ ոչ:

«Հավանաբար ճիշտ էր, բայց ոչ միանշնակ, որովհետև որոշ ֆակուլտետներում այդքան պետք չէ պրակտիկան», -նկատեց մեր զրուցակիցը:

Իրանում, ըստ ուսանողի, «հոսպիտալներում ամեն ինչ այնպես է, ինչպես Ամերկայում, այստեղ ամեն ինչ անում են սկսնակ բժիշկները, ոչ թե պրոֆեսորները: Այնպես որ ավարտելով բժշկական կուրսն Իրանում լավ ուսուցանված են դառնում»:

Placeholder
Բժշկական համալսարանի ղեկավարությունը տեղյակ չէ, որ համալսարանի դիպլոմը Իրանում անվավեր է համարվելու