Կոմիտասի ծննդյան 140-ամյակը նշվել է նաև Ֆրանսիայում
Մշակույթ
15:09 22/10/2009

Կոմիտասի ծննդյան 140-ամյակը նշվել է նաև Ֆրանսիայում

ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, Ֆրանսիայի մշակույթի ու հաղորդակցության նախարարության հովանավորությամբ և Ֆրանսիայում
ՀՀ դեսպանության մասնակցությամբ հոկտեմբերի 13-18-ը Փարիզում անցկացվել է «Կոմիտաս 140» հոբելյանական ծրագիրը: Այս մասին տեղեկացանք ՀՀ մշակույթի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ծրագրի շրջանակներում Սորբոնի Ռիշելյե ամֆիթատրոնում տեղի է ունեցել համերգ-գիտաժողով նվիրված Կոմիտասի աշխարհիկ երաժշտությանը, Սեն Լուիդը Ընվալիդ տաճարում` երգչախմբային համերգ Կոմիտասի հոգևոր երաժշտությանը, որի ընթացքում երաժշտագետներ Մհեր Նավոյանը /Հայաստան/ և Անտոնի Ժիրարը /Ֆրանսիա/ ներկայացրել են Կոմիտասի կյանքն ու ստեղծագործությունը, նրա դերը հայ ազգային և համաշխարհային երաժշտության զարգացման ասպարեզում:
Հոբելյանական ծրագիրն եզրափակվել է Գալա-համերգով, որը կայացել է հանրահայտ «Գավո» համերգասրահում:


Հոբելյանական համերգին Կոմիտասի գործերի կատարմամբ հանդես են եկել երաժշտագետ դաշնակահար Սվետլանա Նավասարդյանը, մեներգիչներ` Բարսեղ Թումանյանը /բաս/, Ջուլիետա Գալստյանը /մեցցո-սոպրանո/, Հասմիկ Թորոսյանը /սոպրանո/, «Սիփան-Կոմիտաս» երգչախումբը Կարպիս Ափրիկյանի ղեկավարությամբ /Ֆրանսիա/, « Նաիրի » խումբը Հայկ Դավթյանի ղեկավարությամբ /Ֆրանսիա/, « Արպեջիոն » քառյակը /Ֆրանսիա/:
Համերգի առանցքը կազմել է Հայաստանի պետական կամերային երգչախմբի ելույթը Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ, որի ընթացքում կատարվել են Կոմիտասի հարսանեկան ու գեղջկական երգերն ու պարերը, ինչպես նաև Կոմիտասի տաղերի հիման վրա կոմպոզիտոր Ա. Ահարոնյանի հատուկ այս առիթով գրած «Մենավոր » երգերի շարքը:

«Կոմիտաս 140» հոբելյանական ծրագրին մասնակցելու նպատակով Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարի հրավերով Փարիզ էր մեկնել ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը:

Հոկտեմբերի 18-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարար Ֆրեդերիկ Միտերանի հետ:
Հանդիպման ընթացքում նախարարներն անդրադարձել են 1995 թ. համապատասխան պայմանագրի ստորագրումից ի վեր հայ-ֆրանսիական մշակութային աշխույժ համագործակցությանը՝ բարձր գնահատելով Ֆրանսիայում Հայաստանի տարվա նշանակությունը։ Քննարկվել են առաջիկա տարիներին այդ համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու հնարավորությունները։ Զրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ստորագրել նոր շրջանակային համաձայնագիր, որով կնախանշվեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտները։ Այս առումով Հայաստանի համար, մասնավորապես, հետաքրքրություն է ներկայացնում համատեղ կինոարտադրությունն, որի ուղղությամբ կատարվում են իրավական հիմքի ստեղծման աշխատանքներ։

Նկատի ունենալով, որ 2012 թ. Հայաստանը նշելու է իր տպագիր գրքի 500-ամյակը՝ ՀՀ մշակույթի նախարարը հույս է հայտնել ստանալ Ֆրանսիայի աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ում Երևանը գրքի միջազգային մայրաքաղաք ճանաչելու հարցում:
ՀՀ մշակույթի նախարարը մասնակցել է հոբելյանական միջոցառումներին, հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի կինոգործիչների միության նախագահ Ալեն Թերզյանի, Նուբարյան գրադարանի տնօրեն Ռայմոնդ Գևորգյանի, Ֆրանսիայի հայկական թանգարանի տնօրեն Ֆրեդերիկ Ֆրանգյանի և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Placeholder
Կոմիտասի ծննդյան 140-ամյակը նշվել է նաև Ֆրանսիայում