Կրթական համակարգում բարեփոխումները շարունակվելու են
Կրթություն, գիտություն
13:21 22/10/2009

Կրթական համակարգում բարեփոխումները շարունակվելու են

Այսօր մեկնարկեց երկօրյա «Կրթության որակի և համապատասխանություն» վարկային առաջին ծրագրի ամփոփումը և երկրորդ վարկային ծրագրի մեկնարկը խորագիրը կրող համաժողովը:

«Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի նպատակն է Հայաստանի կրթական համակարգի զարգացումն ուղղորդել դեպի գիտելիքահեն տնտեսության պահանջները`ապահովելով հասարակության սոցիալ-տնտեսական պահանջներին համապատասխան հանրակրթության և բարձրագույն մասնագիտական կրթության որակի աճ:

Երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում կրթության ոլորտում բարեփոխումներ պետք է իրականացվեն ոչ միայն հանրակրթության ոլորտում, այլև նախադպրոցական հաստատություններում, ավագ դպրոցում և բարձրագույն ուսումնական հաստատություններում:

«Կրթության որակի և համապատասխանություն» վարկային երկրոդ ծրագրի տևելու է 2009-2014 թթ-ը:

Երկրորդ վարկային ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 31. 26 մլն ԱՄՆ դոլար, որից Համաշխարհային բանկի վարկը կազմում է 25 մլն ԱՄՆ դոլար, իսկ ՀՀ պետական բյուջեի միջոցները` 6.26 մլն ԱՄՆ դոլար:

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի խոսքով, ի մի բերելով «Կրթության որակի և համապատասխանություն» վարկային առաջին ծրագիրը, պետք է փաստել, որ այդ ծրագրի իրականացման շնորհիվ Հայաստանում հնարավոր դարձավ իրականացնել այնպիսի բովանդակային, կառուցվածքային և ենթակառուցվածքային բարեփոխումներ, որոնք թույլ են տալիս մեր կրթական համակարգը բնութագրել իր ընդհանուր կառուցվածքով` որպես արդի կրթական համակարգ:

«Շատ կարևոր է, որպեսզի լինի հասարակական աջակցությունը` կրթական համակարգում իրականացվող բարեփոխումներին»,- հավելեց նա:

Նրա խոսքով, երկրորդ վարկային ծրագրի գործողությունները թույլ են տալիս ճգնաժամի պայմաններում մոտակա տարիների ֆինանսական հատկացումների նվազեցման պայմաններում ոչ միայն պահպանել դժվար ձեռք բերված նվաճումները, այլև իրականացնել զարգացման ծրագրերը:

Ըստ նախարարի, երկրորդ վարկային ծրագրի շրջանակում 140 համայնքներում պետք է ստեղծվեն նախադպրոցական դասարաններ, բայցի այդ ծրագրի շրջանակներում տրամադրվելու են ուսանողական վարկեր, ինչպես նաև ունենալու ենք նորարարական ֆինանսավորման մեխանիզմներ բուհերի համար և փորձելու ենք բուհերին ֆինանսավորել ըստ իրենց մրցակցային առավելության. այն է գումարը պետք տալ նրան, ով աշխատում է և արդյունք է ցուցաբերում:

«Պետք է դադարել պասիվ ֆինանասավորման մեխանիզմներից, երբ բոլորին նույն չափաքանակով են ֆինանասավորում և բոլորը կարծես թե հավելյալ աշխատելու խթան չունեն»,- ասաց նախախարը: Ա. Աշոտյանի վստահեցմամբ, այս երկրորդ վարկային ծրագրի մեջ չի մոռացվել նաև հանրակրթության բնագավառը, որտեղ շարունկավելու են բարեփոխումները:

Համաշխարհային բանկի Երևանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը նշեց, որ «Կրթության որակի և համապատասխանություն» վարկային ծրագրի տևողությունը 10 տարի է:

Առաջին վարկային ծրագրի շրջանակներում Հայաստանի կրթական համակարգում իրականացվել են բազմաթիվ բարեփոխումներ :

«Հայաստանին պետք է ավելի մրցունակ տնտեսություն ունենալ, դրա համար պետության կրթական համակարգը պետք է բարձր մակարդակի վրա լինի, որպեսզի ապահովի որակյալ կադրեր: Այս երկրորդ վարկային ծրագրի նպատակն է ավելի մրցունակ դարձնել Հայաստանի կրթական ծրագրերը»,- հավելեց նա:

Placeholder
Կրթական համակարգում բարեփոխումները շարունակվելու են