Յուրաքանչյուր 30-ամյա երրորդ կին կրծքագեղձի խնդիր ունի
Առողջություն
15:04 23/10/2009

Յուրաքանչյուր 30-ամյա երրորդ կին կրծքագեղձի խնդիր ունի

Աշխարհում յուրաքանչյուր տարի հոկտեմբերը հայտարարվում է «Զգաստություն կրծքագեղձի քաղցկեղի նկատմամբ» ամիս և այս առիթով առողջության քայլարշավներ, բնակչությանն իրազեկելու նպատակով միջոցառումներ են կազմակերպվում:

Այս մասին այսօրվա ասուլիսում ասաց «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի բժիշկ ռադիոլոգ Անի Հակոբյանը: Նրա խոսքով աշխարհում օնկոլոգիական հիվանդություններից տարածվածության առումով առաջին տեղը զբաղեցնում է կրծքագեղձի քաղցկեղը, ապա նրան հաջորդում է արգանդի, իսկ երրորդ տեղում է արգանդի պարանոցի քաղցկեղը:

Բժշկի խոսքով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն, առաջիկա տարիներում կգրանցվի կրծքագեղձի քաղցկեղի նոր` 1 մլն 200 դեպք:

«Քաղցկեղի թիվը աճում է, սակայն կան գործոններ, որոնք ճիշտ օգտագործելով կարելի է հասնել կրծքագեղձի քաղցկեղի թվի նվազմանը: Հիվանդության վաղ հայտնաբերման դեպքում կարելի է բարձրացնել հիվանդության բուժման արդյունավետությունը»,-ասաց Ա. Հակոբյանը:

Մասնագետները կրծքագեղձի քաղցկեցի երկու խումբ ռիսկի գործոններ են տարբերակում: Առաջին խումբը, ըստ բժշկի, անկախ է մարդուց. օրինակ` տարիքը: Կնոջ տարիքի հետ զուգահեռ կրծքագեղձի քաղցկեցի հանդիպելիությունը մեծանում է: Ընդունված է, որ 55 տարեկանից հետո այս հիվանդության դեպքերը 2-3 անգամ ավելի շատ են լինում: Երկրորդ գործոնը` սեռն է:

«Տղամարդկանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի դեպքեր նույնպես լինում են, բայց աշխարհում ընդունված ու ապացուցված է, որ կանանց մոտ այս հիվանությունը 100 անգամ ավելի հաճախ է հանդիպում, քան` տղամարդկանց մոտ»,-ասաց Ա. Հակոբյանը:


Բժշկի խոսքով, կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու ռիսկերից մեկն էլ գենն է, սակայն կան գիտական տվյալներ, որ քաղցկեղով հիվանդ կանանց 80% չունեն գենետիկ գործոն:

Մասնագետը նշում է, որ պատրադիր չէ ընտանիքում հայտնի քաղցկեղի դեպքը ընտանիքի մյուս անդամների մոտ հիվանդության առաջացման պատճառ լինի, բայց դա պետք է կնոջ զգոնությունը բարձրացնի: Ինչպես բժշիկն է նշում, ռասսայական պատկանելիությունը կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու մեջ նույնպես իր ազդեցությունն ունի: Արդյունքում` սևամորթ կանայք այս քաղցկեղով ավելի քիչ են հիվանդանում, քան սպիտակամորթները: Ըստ Ա. Հակոբյանի, պատճառներից մեկն այն է, որ սևամորթ կանայք շատ երեխաներ են ունենում ու կրծքով շատ են կերակրում: Սպիտակամորթ կանանց միակ առավելությունն այս դեպքում այն է, որ նրանք սևամորթների համեմատությամբ ավելի երկարակյաց են:

Քաղցկեղի առաջացման վրա շատ մեծ ազդեցություն ունեն նաև ապրուստի պայմանները կամ` կյանքի որակը: Ըստ նրա, նյարդային երկարատև սթրեսներն ավելի հաճախակի են հանգեցնում կրծքագեղձի քաղցկեղի առաջացմանը:

Նշենք, որ բարորակ ուռուցքների վերածումը չարորակի, կազմում է ընդամենը 0,1 տոկոս: Բարորակ ախտահարումները` մաստոպաթիաները, բարորակ գոյացությունները ու այլ գործոնները նույնպես կարող են հանգեցնել քաղցկեղի առաջացման: Համաշխարհային տվյալներով, 30 տարին լրացած յուրաքանչյուր երրորդ կին կրծքագեղձի խնդիր ունի:
Placeholder
Յուրաքանչյուր 30-ամյա երրորդ կին կրծքագեղձի խնդիր ունի