ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը ԵՊՀ-ին գրքեր է նվիրել
Կրթություն, գիտություն
16:00 28/10/2009

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը ԵՊՀ-ին գրքեր է նվիրել

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) գրադարանի ՄԱԿ-ի ավանդապահ գրադարանին նվիրել է գրքեր ԵՊՀ-ի 90-ամյակի ու ՄԱԿ-ի 64-րդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ: Այս մասին հայտնում են ՄԱԿ-ի երևանյան գրասենյակից:

ՄԱԿ-ի ավանդապահ գրադարանների հիմնումը նպատակ ունի հանրությանն ապահովել ՄԱԿ-ի գործունեության, աշխարհում կատարվող իրադարձությունների ու ՄԱԿ-ի անդամ երկրների վերաբերյալ տեղեկատվությամբ:
ԵՊՀ ՄԱԿ-ի ավանդապահ գրադարանն առաջին ավանդապահ գրադարանն է Հայաստանում: Նրա հիմնական ֆոնդը կազմում է հինգ հազար միավոր գիրք, հանդես, պաստառ և ՄԱԿ-ին վերաբերվող այլ նյութեր: Դրանք հիմնականում անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզուներով են: Ֆոնդը մշտապես լրացվում է ՄԱԿ-ի Կենտրոնական գրասենյակից ու ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունից (ՀՏՎ) ստացվող գրականությամբ:

ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն ասել է. «ՄԱԿ-ը մեծ ուշադրություն է դարձնում երիտասարդությանը Հայաստանում: ԵՊՀ-ն իդեալական վայր է մեր գրադարանի համար, և մենք գոհ ենք նրա սպասարկումից: Մենք շատ ուրախ ենք, որ ձեր գրադարանին ենք նվիրում լրացուցիչ ՄԱԿ-ի նյութեր: Ես համոզված եմ, որ ուսանողներն այժմ առավել մեծ հնարավորություն կունենան գիտելիքներ ստանալ ընդհանրապես ՄԱԿ-ի և Հայաստանում մեր կոնկրետ նվաճումների վերաբերյալ»:

ԵՊՀ-ի գրադարանի տնօրեն Աշոտ Ալեքսանյանն էլ նշել է. «Մեր համագործակցությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, հատկապես Հանրային տեղեկատվության վարչության հետ, միշտ էլ արդյունավետ է եղել: Այսօրվա ՄԱԿ-ի օրը հատկանշական է մեզ համար, քանի որ ՄԱԿ-ի Տեղեկատվական գրադարանի հիմնական ֆոնդի մի մասը նվիրվում է մեր գրադարանին: Մենք համոզված ենք, որ այն լրացուցիչ ազդակ կհանդիսանա բարձրացնելու իրազեկումը ՄԱԿ-ի մասին: Մենք ակնկալում ենք շարունակել համագործակցությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ»:

Միջոցառմանը մասնակցել են ուսանողներ, դասախոսներ, մասնագետներ: Նրանք դիտել են ՄԱԿ-ի հրատարակությունների ցուցահանդեսը ՄԱԿ-ի դեպոզիտար գրադարանում:

ԵՊՀ-ի գրադարանը ՄԱԿ-ի ավանդապահ գրադարաններից մեկն է: Այն հիմնվել է 1995 թվականին, իսկ երկրորդը հիմնվել է Հայաստանի ազգային գրադարանում 1997-ին: Երկու գրադարաններն էլ ստեղծվել են ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակի օգնությամբ:
Placeholder
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը ԵՊՀ-ին գրքեր է նվիրել