Իտալական ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի երկաթուղային ոլորտով
Տնտեսություն
13:24 03/11/2009

Իտալական ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի երկաթուղային ոլորտով

Իտալիայի երկաթուղային ողջ համակարգը կոորդինացնող «Իտալֆեռ» ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի երկաթուղային ոլորտում իրականացվող ծրագրերով: Այդ մասին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանի հետ նախօրեին տեղի ունեցած հանդիպման ժամանակ տեղեկացրել է Հայաստանում արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին, տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից:

Բացի այդ, նա նաև ասել է, որ իտալական մի շարք ընկերություններ նույնպես հետաքրքրություն են հայտնել տրանսպորտի ոլորտում իրականացվող ծրագրերի նկատմամբ:

Նախարար Սարգսյանը դեսպանի խնդրանքով ներկայացրել է երկաթուղու ոլորտում իրականացվող ծրագրերը: Մասնավորապես նշվել է, որ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորման նախնական ուսումնասիրությունն արդեն ավարտված է. այն իրականացվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով` ավստիրական ILF ընկերության կողմից:

Երկաթուղու տեխնիկատնտեսական հիմնավորման վերջնական աշխատանքների իրականացման համար ներկայումս բանակցություններ են վարվում Ասիական զարգացման բանկի հետ:

Գ.Սարգսյանը դեսպանին տեղեկացրել է նաև, որ ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է «Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերություն, որը կզբաղվի Իրան-Հայաստան երկաթուղու կառուցմանն առնչվող բոլոր հարցերով: Նախարարի խոսքերով, ընկերությունն արդեն ձեւավորման փուլում է և մոտ ապագայում կսկսի գործել:
Placeholder
Իտալական ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի երկաթուղային ոլորտով