Գիտության ֆինանսավորումը կազմում է ՀՆԱ-ի ընդամենը 0,2%-ը
Տնտեսություն
14:13 04/11/2009

Գիտության ֆինանսավորումը կազմում է ՀՆԱ-ի ընդամենը 0,2%-ը

Այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Քննարկաման թեման էր 2010թ.-ի պետական բյուջեով գիտության բնագավառին հատկացված ֆինասավորումը, որը հիշյալ բյուջեում չի ենթարկվել կրճատումների` համաշխարհային ճգնաժամի պատճառով:

Ըստ այդմ, հաջորդ տարվա բյուջեն գիտության ֆինանսավորմանը տրամադրել է 8 մլրդ դրամ: Արդյո՞ք սա բավարար է գիտության ոլորտին և վերջինիս զարգացմանը:

Ռադիկ Մարտիրոսյանը նախ ընդգծեց, որ ներկայումս հանարպետությունում գործում են մոտ 100 գիտահետազոտական ինստիտուտներ, որոնք խորհրդային տարիներին 200-ն էին:

Վերջիններից միայն 31-ն են միավորված ԳԱԱ-ի կազմում, դրանք հիմնականում հետազոտական, և ոչ թե կիրառական գիտության ինստիտուտներն են:

Բանախոսը, անդրադառնալով գիտության ֆինանսավորման խնդիրն, նկատեց, որ այն կազմում է բյուջեի ծախսային մասի 1%-ից էլ պակաս (խոսքը վերաբերում է 2009թ.-ի բյուջեին):

«Զարգացած աշխարհում գիտությունը ֆինանսավորվում է բյուջեի ոչ թե ծախսային մասով, այլ` ՀՆԱ-ի: Եվ այն կազմում է ՀՆԱ-ի մոտ 4 %-ը»,-ընդգծեց բանախոսը:

Իսկ բյուջեն ՀՆԱ-ի մոտ 20%-ն է կազմում: Այսպիսով մեր գիտության ֆինանսավորումը այժմ կազմում է ՀՆԱ-ի 0,2%-ը: համեմատության համար նշենք, որ Ռուսաստանն ունի 1,1%, իսկ ԵՄ-ն` 2%, մեր հարևանները` Ադրբեջանն ու Վրաստանը`0,5%:

ԳԱԱ-ն նշված ֆինանսավորումից ստանում է 4 մլրդ դրամ, որոնք ծախսվում են աշխատավարձերի, սարքավորումների, գրականության և այլ ընթացիկ ծախսերի վրա:

«ԵՄ-ում մի հետազոտողի վրա տարեկան ծախսում են 120-130 հազար եվրո, իսկ մենք մի հետազոտողի վրա` 3 հազար եվրո»,-նկատեց բանախոսը:

Նշենք, որ 2002թ.-ին ընդունված «Գիտության մասին» օրենքում սահմանված էր 2% ֆինանսավորում, հետագայում այս օրենքում կատարվեց փոփոխույթուն և ըստ այդմ այդ թիվը հանվեց:

Ներկայումս գիտության զարգացման ռազմավարությունը նախատեսում է, որ 2020թ.-ին ֆինանսավորումը կազմելու է ՀՆԱ-ի 2%-ը: Թե որքանո՞վ է իրատեսական այս կանխատեսումը, ցույց կտա ժամանակը:
Placeholder
Գիտության ֆինանսավորումը կազմում է ՀՆԱ-ի ընդամենը 0,2%-ը