Վարչապետ. Հայաստանի ապագայի մասին մեր որոշ պատկերացումներ անհրաժեշտ է վերանայել
Տնտեսություն
11:11 09/11/2009

Վարչապետ. Հայաստանի ապագայի մասին մեր որոշ պատկերացումներ անհրաժեշտ է վերանայել

Ավարտին է մոտենում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

«Արմթեք 2009» համաժողովի շրջանակներում վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Ռենեսանս» և «Մենթոր գրաֆիկս» ընկերությունների ներկայացուցիչներին, քննարկել նրանց կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը: Վարչապետն ընդունել է նաև մեր հայրենակից, սենատոր Ջոն Սիմիթյանին: Այս մասին հայտնեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Սան Հոզեի «Ֆեյրմոնթ» հյուրանոցում կայացած «Արմթեք 2009» համաժողովի գալա ընդունելության ժամանակ Տիգրան Սարգսյանը ելույթով դիմել է համաժողովի մասնակիցներին ու հյուրերին: «Ակնհայտ է, որ «Արմթեքը» պետք է զարգանա և կատարելագործվի: Այս երեք օրերի ընթացքում բավական մեծ դասեր ենք քաղել մեզ համար: Առաջինը` այս հանդիպումները, քննարկումները բացառիկ հնարավորություն են ստեղծում մեր տնտեսական թիմի համար ճշգրտելու Հայաստանում մեր անելիքը: Հայաստանի դերի, նշանակության, ապագայի մասին մեր որոշ պատկերացումներ անհրաժեշտ է վերանայել, մեր ծրագրերի որոշ կետեր էլ քննություն են բռնում, և դրանք պետք է ուժեղացնենք, ամրապնդենք: Այսօրվա ելույթներից մեկում մի հետաքրքիր ձևակերպում կար` անցյալը այսօր է, իսկ ապագան վաղն է: Այս ձևակերպման մեջ արտացոլվում է արագ փոփոխությունների գաղափարը»,-ասել է վարչապետը:

Վարչապետը նշել է, որ Սիլիկոնային հովտում գտնվելու ընթացքում պարզ է դարձել ՀՀ կառավարության ՏՏ ոլորտի մասով ծրագրերի մեջ փոփոխություններ մտցնելու անհրաժեշտությունը: «Երկրորդ, մեր հանդիպումների ժամանակ խոշոր ընկերություններից մեկի հետ առաջ քաշվեց գաղափար, որն ինձ առաջին փուլում ապշեցրեց, որ ոչ թե Հայաստանը պետք է գա գլոբալ ընկերությունների մոտ, այլ խոշոր ընկերությունները պետք է գան Հայաստան»,-ասել է Տ. Սարգսյանը:


Վարչապետն ընդգծել է երրորդ եզրակացությունը. «Մենք ուշացել ենք` նշանակում է, որ պետք է գտնենք մեր օվկիանոսը, մեր տարածքը, որտեղ մենք կունենանք մեր հարաբերական առավելությունը»:

ՀՀ վարչապետն անդրադարձել է Հայոց ցեղասպանության, Հայաստան-Սփյուռք գործակցության, հայ-թուրքական հարաբերությունների հիմնախնդիրներին, ներկայացրել է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումն ու ՀՀ Նախագահի` հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելուն ուղղված նախաձեռնությունը: Վարչապետի ելույթն արժանացել է ներկաների ջերմ ընդունելությանը:

Աշխատանքային այցի վերջին օրը Տիգրան Սարգսյանն այցելել է Plug and Play համակարգչային ընկերությունների ինկուբատոր, շրջել ընկերությունում, ծանոթացել նրա ծրագրերին, հնարավորություններին: Ինկուբատորի ղեկավարության հետ բանակցությունների ընթացքում ձեռք է բերվել համաձայնություն Հայաստանի ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ու Plug and Play-ի համագործակցության, ինչպես նաև Հայաստանի հետ ինկուբատորի կողմից ծրագրերի կազմման ու իրականացման վերաբերյալ:










Placeholder
Վարչապետ. Հայաստանի ապագայի մասին մեր որոշ պատկերացումներ անհրաժեշտ է վերանայել