Հայաստանում «խոզի գրիպի» կասկածելի դեպք է հայտնաբերվել
Առողջություն
13:17 09/11/2009

Հայաստանում «խոզի գրիպի» կասկածելի դեպք է հայտնաբերվել

Մեր տեղեկությունները, թե այս պահին «A/H1N1»` բոլորիս հայտնի «խոզի գրիպի» վարակվածության դեպք կա Հայաստանում, հաստատեց նաև ՀՀ առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիաննա Թորոսյանը:

Նրա խոսքով, կասկածելի անձնավորությունը, ով ազգությամբ հայ չէ,  հետազոտվել է, նրա անալիզները ուղարկվել են Լոնդոնի ռեֆերենտ լաբորատորիա` առավել մանրամասն հետազոտության` հաստատելու կամ չհաստատելու վարակի առկայությունը:

«Մենք այլ տեղեկություններ չենք հաղորդում այդ դեպքի վերաբերյալ. ուղղակի ասեմ, որ այս պահին իրավիճակը կայուն է, անհանգստանալու կարիք չկա, նա բուժված է, անհրաժեշտ պատվաստումներն իրականացվել են, և այժմ այդ մարդն,  իրեն լավ է զգում», -հավելեց Լիաննա Թորոսյանը:


Մեր դիտարկմանը, թե Հայաստանում խուճապային իրավիճակ է, մարդիկ բժշկական դիմակներ են գնում` պաշտպանվելու համար, մասնագետը նկատեց.

«Խուճապի մատնվելու կարիք չկա: Յուրաքանչյուր տարի սեզոնային գրիպի դեպքեր արձանագրվում են, կանխարգելիչ և հակահամաճարակային բոլոր միջոցառումներն իրականացվում են և այդ աշխատանքները կրում են շարունակական բնույթ: Մոնիտորինգի է ենթարկվում սուր շնչառական վիրուսային ու գրիպային հիվանդացությունը և այսօր, այդ մոնիտորինգի արդյունքներով , մենք հիվանդացության աճ չունենք»:

Վաղը առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, Թորոսյանի հաղորդմամբ, ասուլիս կհրավիրի և մանրամասն կներկայացնի իրավիճակը ու կդիմի բնակչությանը` խուճապի չմատնվել:
Placeholder
Հայաստանում «խոզի գրիպի» կասկածելի դեպք է հայտնաբերվել