ԿԲ նախկին նախագահ. 18 տոկոս անկումը 99 տոկոսով պայմանավորված է ներքին պատճառներով
Տնտեսություն
13:58 10/11/2009

ԿԲ նախկին նախագահ. 18 տոկոս անկումը 99 տոկոսով պայմանավորված է ներքին պատճառներով

ՀԱԿ տնտեսական հանձնաժողովի անդամ, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը համոզված է, որ 2010-ին Հայաստանում տնտեսական անկումը շարունակվելու է: Իր իսկ դիտարկմամբ, այդ ցուցանիշը կհասնի 2 տոկոսի:

Այսօրվա ասուլիսում նա մանրամասնեց, որ աճ կանխատեսում է շինարարության ոլորտում, իսկ առևտրի ու սպասարկման, արդյունաբերության ոլորտներում մեծ անկում է ակնկալում:

«Բյուջեի քննարկումներն արդեն ընթանում են, ցավով պետք է ասեմ, որ որևէ լուրջ հարցադրում, որևէ լուրջ մոտեցում ես առայժմ չեմ տեսել: Ես չեմ տեսնում որևէ երաշխիք, որ գալիք տարում մեր երկրում կկանխվի տնտեսական անկումը»,-նկատեց նա:

18 տոկոս անկումը որակելով որպես համաշխարհային ռեկորդ, Բ. Ասատրյանը նշեց, որ մինչև տարեվերջ այդ ցուցանիշը էական փոփոխության չի ենթարկվի, արդյունքում նույնիսկ դրական տեղաշարժերի պարագայում տարին կփակվի 13.4 տոկոս անկումով: Սակայն Ասատրյանը նկատել է, որ նույիսկ իշխանությունն ու ԿԲ-ն նման լավատեսական կանխատեսումներ չեն անում, իսկ դա նրան հիմք է տալիս հայտարարելու, որ տնտեսական անկումը խորանալու է:

18 տոկոս անկումը ԿԲ նախկին նախագահը 99 տոկոսով պայմանավորում է ձևավորված ներքին խնդիրներով՝ մեծապես օլիգոպոլիայով, որոնց լուծման համար անհրաժեշտ են շատ կոնկրետ քայլեր:

«Հայաստանի տնտեսությունը եկել հասել է մի կետի, որտեղ անհրաժեշտ են կտրուկ տեղաշարժեր»,-եզրակացրեց նա`  երկրի վարչապետին խորհուրդ տալով հեռացնել կառավարության այն անդամներին, որոնք զբաղվում են «օլիգոպոլիայով»:
Placeholder
ԿԲ նախկին նախագահ. 18 տոկոս անկումը 99 տոկոսով պայմանավորված է ներքին պատճառներով