Խոզի գրիպի ևս երկու դեպք` Հայաստանում
Առողջություն
14:53 11/11/2009

Խոզի գրիպի ևս երկու դեպք` Հայաստանում

Հանրապետությունում A/H1N1 խոզի գրիպով վարակվածների թիվն ավելացել է ևս երկուսով: Այսպիսով, Հայաստանում խոզի գրիպով հիվանդ է հինգ մարդ:

Ինչպես Panorama.am-ին ասաց առողջապահության նախարարության հիգիենիկ հակահամաճարակային պետական տեսչության պետ Արտավազդ Վանյանը, վերջին երկու գրանցված դեպքերը նույնպես հայտանբերվել են օդանավակայանում:

«Վարակակիրները ժամանել են Ռուսաստանից: Հենց օդանավակայանում նրանց մոտ հայտնաբերվել են հիվանդության նախանշաններ: Նրանք   անմիջապես տեղափոխվել են «Նորք» ինֆեկցիոն կենտրոն,-հայտնեց Ա. Վանյանը:

Ըստ նրա, վարակակիրների հետ շփվածների հանդեպ հսկողություն է իրականացվում, եթե 7 օրվա ընթացքում նրանց մոտ հիվանդության ախտանիշներ կամ վարակ չի գրանցվում, ապա առողջ են համարվում:


ԱՆ պատասխանատուի հավաստմամբ, ներկայումս հիվանդների առողջական վիճակը մասնագետները բավարար են գնահատում:

Ավելին, Վանյանը նշեց, որ հանրապետությունում գրանցված հիվանդության դեպքերը միջին և թեթև ձևերով են ընթանում. խոզի գրիպի բարդ տեսակով ընթացող դեպք չի գրանցվել:

Հիվանդները բուժվում են «Տամիֆլյու» դեղամիջոցով, սակայն Ա. Վանյանը նշեց, որ բուժումը զուգակցվում է նաև ինֆեկցիաների բուժման համար նախատեսված այլ դեղամիջոցներով:

Ինչպես նշեց ԱՆ հիգիենիկ , հակահամաճարակային պետական տեսչության պետը, մյուս երկու հիվանդների առողջական վիճակը, ովքեր շարունակում էին բուժումը ինֆեկցիոն հիվանդանոցում, նույնպես բավարար է ու հնարավոր է առաջիկա երկու օրվա ընթացքում դուրս գրվեն հիվանդանոցից:


Ընդհանուր առմամբ, հանրապետություն ինֆեկցիոն իրավիճակի բարձրացում չի արձանագրվել. այս մասին նույնպես հավատացրեց Ա. Վանյանը:

Ըստ նրա, հանրապետությունում սեզոնային գրիպի, սուր շնչառական հիվանդությունների դեպքերի աճ չի գրանցվել, պարզապես, պատասխանատուն կոչ արեց բնակչությանն ավելի ուշադիր ու զգույշ լինել ու գրիպի նախանշանների դեպքում դիմել մասնագետի:
Ի դեպ, նշեք, որ այսօր Ադրբեջանում նույնպես հայտնաբերվել է հիվանդության մեկ դեպք: Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, երկրում այս հիվանդութունն արդեն հայտնաբերվել էր շուրջ տասը մարդու մոտ:
Placeholder
Խոզի գրիպի ևս երկու դեպք` Հայաստանում