Ասոյան. Հարկավոր չէ դեղատներում «Տամիֆլյու» փնտրել
Առողջություն
14:08 14/11/2009

Ասոյան. Հարկավոր չէ դեղատներում «Տամիֆլյու» փնտրել

Հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանն այսօր նախարարությունում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ներկայումս հանրապետությունում առկա է Ա գրիպի կասկածելի 5 դեպք:

Նրանք դիմել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց: Գլխավոր ինֆեկցիոնիստի խոսքերով, կատարվել են բոլոր հետազոտությունները: Արդյունքները պարզվելուն պես`  կհայտարարվի` այդ մարդիկ վարակվա՞ծ են H1N1-ով, թե՞ ոչ:

Նրա խոսքերով, այժմ որևէ հստակ տեղեկատվություն չկա, խոզի գրիպով վարակվածներն իմունիտետ ձեռք բերու՞մ են, թե՞ ոչ:


«Սա Ա գրիպ է: Սա կարմրուկի, ջրծաղիկի կամ խոզուկի պես վարակիչ հիվանդություն չէ, որ ցմահ իմունիտետ զարգացնի օրգանիզմում: Իմունիտետը լինում է 2-3 ամսվա սահմաններում »,-ասաց Ա. Ասոյանը:

Բացի այդ, Ասոյանը կոչ արեց խուճապի չմատնվել, քանի որ, համաճարակների պատմության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ համաճարակի շուրջ բարձրացրած ավելորդ խուճապն ավելի շատ է վնասել ցանկացած պետության, քան բուն համաճարակը:

Այսպիսով, ինֆեկցիոն հիվանդանոցում առկա է հիվանդության հաստատված 11 դեպք, որոնցից 3-ն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից:

Հիվանդներից 3-ը, ըստ Ա. Ասոյանի, դիմել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, 5 քաղաքացիներ դիմել են ինֆեկցիոն հիվանդանոց, իսկ մյուս 3-ի մոտ հիվանդության ախտանիշները նկատվել են օդանավակայանում` ջերմացույցի միջոցով:

Ինչ վերաբերում է բուժմանը, ապա գլխավոր ինֆկցիոնիստը ևս մեկ անգամ հիշեցրեց ու կոչ արեց քաղաքացիներին` դեղատներում «Տամիֆլյու» դեղամիջոց չփնտրել, քանի որ դա նշանակվում է միայն այն հիվանդներին, ում մոտ հիվանդությունը ծանր ընթացք ունի, կամ ովքեր ունեն շնչառական ապարատի խրոնիկական հիվանդություններ:

«Հաշվի առնելով աշխարում հիվանդության զարգացման ու մահացության ստատիստիկան` հիմնականում այս գրիպից մահանում են այն դեպքում, եթե զարգանում է թոքաբորբ. մահացությունների 99%-ը դրանից են գրանցվել: Ես ուզում եմ նշել, որ թոքաբորբով մեր երկրի կլիմայական պայմաններին բնորոշ չէ»,-նկատեց նա:

Վերջում, գլխավոր ինֆեկցիոնիստը նշեց, որ խոզի գրիպով վարակված հիվանդների մոտ հիվանդությունը միջին կամ թեթև ընթացք է ունեցել: Հիվանդները հիվանդանոցից դուրս են գրվում 5-7 օր բուժում ստանալուց հետո:

Նշենք, որ վաղը` լիովին ապաքինումից հետո, հիվանդանոցից դուրս կգրիվի նաև Ստամբուլից Հայաստան ժամանած թուրք հիվանդը:
Placeholder
Ասոյան. Հարկավոր չէ դեղատներում «Տամիֆլյու» փնտրել