Սերգեյ Մովսիսյանն ու Տիգրան Պետրոսյանը դուրս մնացին պայքարից
Սպորտ
12:52 23/11/2009

Սերգեյ Մովսիսյանն ու Տիգրան Պետրոսյանը դուրս մնացին պայքարից

Խանտի Մանսիյսկում մեկնարկել է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը: Առաջին փուլի հանդիպումներն արդեն անակնկալներ են արձանագրել: Ֆավորիտներից ոմանք ստիպված են հաշտվել մրցաշարը լքելու փաստի հետ:

Նրանց թվում է նաև Սլովենիայի ներկայացուցիչ Սերգեյ Մովսիսյանը, ում վարկանիշը 2700-ից բարձր է: Նա պարտվեց չինացի Յայ Յանգուային: Առաջին պարտիայում Սերգեյը պարտվեց, իսկ երկրորդում ոչ-ոքի խաղաց և դուրս մնաց պայքարից: Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Լ. Պետրոսյանը նույնպես 2 պարտիայում ընդամենը կես միավոր վաստակեց և ստիպված է ճանապարհը զիջել գերմանացի Գեորգ Մեյերին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչը` Գաբրիել Սարգսյանը, ոչ-ոքի արդյունքով ավարտեց չինացի Չաո Լիի հետ պարտիաները և այսօր կայանալիք թայ-բրեյքում կփորձի տիրանալ հաջորդ փուլի ուղեգրին: Լրացուցիչ պարտիայում կորոշվի նաև Վարուժան Հակոբյան (ԱՄՆ)-Պավել Տրեգուբով (Ռուսաստան) զույգի հաղթողի անունը:

Ավելացնենք, որ աշխարհի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում են 128 հայտնի շախմատիստներ, կտևի մինչև դեկտեմբերի 15-ը: Յուրաքանչյուր փուլում մրցակիցները 2-ական պարտիա կանցկացնեն: Ոչ-ոքիի դեպքում հաջորդ օրը նրանք հաղթողին կորոշեն թայ-բրեյքում` սկզբում անցկացնելով արագ շախմատի 4 պարտիա` 25 րոպե ժամանակով` գումարած 10 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար: Խաղերը կշարունակվեն, մինչև մրցակիցներից մեկը հաղթի:

Եթե բլից պարտիաների քանակը հասնի 10-ի, և մասնակիցներից մեկնումեկին չհաջողվի հաղթանակ տոնել, ապա կկայանա վճռորոշ բլից պարտիան` «Արմագեդոնը»: Այս խաղում սպիտակները կստանան 5 րոպե ժամանակ, սևերը` 4, իսկ, սկսած 61-րդ քայլից, մրցակիցները յուրաքանչյուր քայլի համար լրացուցիչ 3 վայրկյան ժամանակ կստանան: Ոչ-ոքիի դեպքում հաղթանակը կշնորհվի սևերին:
Placeholder
Սերգեյ Մովսիսյանն ու Տիգրան Պետրոսյանը դուրս մնացին պայքարից