Էռնեկյանը հանրապետության նախագահին հայտնել է, որ գլոբալ ճգնաժամի հարուցած դժվարությունները չեն անդրադարձել իր ծրագրերի վրա
Տնտեսություն
15:51 25/11/2009

Էռնեկյանը հանրապետության նախագահին հայտնել է, որ գլոբալ ճգնաժամի հարուցած դժվարությունները չեն անդրադարձել իր ծրագրերի վրա

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է արգենտինահայ հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանին:

Էռնեկյանը Հանրապետության Նախագահին ներկայացրել է տնտեսության տարբեր ոլորտներում կատարված ներդրումային ծրագրերի ընթացքի ու ապագա անելիքների մասին: Էդուարդո Էռնեկյանն ուրախությամբ ընդգծել է, որ գլոբալ ճգնաժամի հարուցած դժվարությունները որևէ անդրադարձ չեն ունեցել Հայաստանի տնտեսության հետ կապված իր ծրագրերի վրա և բոլոր նախաձեռնություններն իրականացման ընթացքի մեջ են:

Նախագահի մամլո գրասենյակի տեղեկացմամբ, Սերժ Սարգսյանը կարևորել է նախատեսված ժամկետներում «Զվարթնոց» օդանավակայանի նոր համալիրի շինարարարական աշխատանքների ամբողջական ավարտը, ինչը հնարավորություն կտա 2011 թ. տարեկան սպասարկել շուրջ 3 մլն ուղևորի, ինչպես նաև փոստային հաղորդակցության ոլորտում նախատեսված աշխատանքների պատշաճ կատարումը` որակյալ ծառայություններ մատուցելու մեր քաղաքացիներին հանրապետության թե քաղաքային, թե գյուղական բնակավայրերում:

Նախագահ Սարգսյանը հատուկ կարևորություն է տվել ֆերմերային և սննդի վերամշակման շուկաների զարգացման ուղղությամբ հայազգի գործարարի կողմից ներդրվող ջանքերին ու նախատեսված առաջիկա անելիքներին: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը խրախուսում է նորարարության և թարմ գաղափարների ներդրումը գյուղատնտեսության ոլորտում: «Ժամանակակից տեխնոլոգիաների, թարմ մտահղացումների ու նոր լուծումների ներդրումը գյուղատնտեսության բնագավառում իր հետևից կարող է տանել այլ ոլորտների զարգացումը ևս և լավ հիմքեր կստեղծի գյուղական համայնքների ընդհանուր զարգացման համար»,- նշել է Սերժ Սարգսյանը:





Placeholder
Էռնեկյանը հանրապետության նախագահին հայտնել է, որ գլոբալ ճգնաժամի հարուցած դժվարությունները չեն անդրադարձել իր ծրագրերի վրա