«Հատիսը» պարտության մատնեց թուրքական թիմին
Սպորտ
11:01 27/11/2009

«Հատիսը» պարտության մատնեց թուրքական թիմին

Երևանի «Հատիս» բասկետբոլի կանանց թիմը Եվրոպայի գավաթի խմբային մրցաշարի 3-րդ տուրի շրջանակներում Ստամբուլում մրցակցեց թուրքական «Բեշիկթաշ» թիմի հետ: Մեր բասկետբոլիստուհիները 87:64 հաշվով վստահ հաղթանակ տոնեցին: Հարկ է նշել, որ «Հատիսի» առավելությունը նկատելի էր բոլոր 4 խաղափուլերում` 23:17, 28:17, 19:17 և 17:13:
Ավելացնենք, որ «F» խմբում ընդգրկված «Հատիսն» առաջին տուրում Աթենքում պարտվել է «Աթինաիկոսին», իսկ 2-րդ տուրում Երևանում հաղթել է ռուսական «Չևակատային»: Ստամբուլում տոնած հաղթանակից հետո մեր թիմը գործնականում ապահովել է իր տեղը հաջորդ փուլում:

Դեկտեմբերի 3-ին «Հատիսը» Երևանում մրցելու է հունական «Աթինաիկոսի» հետ: Խաղը կայանալու է «Միկա» մարզահամալիրում և սկսվելու է 17:30-ին:

Ավելացնենք, որ դեռևս մրցաշարից առաջ «Հատիսի» գլխավոր մարզիչ Գեորգի Ղազանչյանը նշում էր, որ թիմը մրցաշարի ընթացքում աստիճանական վերելք կապրի, քանի որ նորաստեղծ է, և նրա հնարավորությունները հետագայում միայն կարող են դրսևորվել: Պետք է ուրախությամբ փաստենք, որ այդ զարգացումն այս հանդիպումից հետ ակնհայտ է:

Բանն այն է, որ «Բեշիկթաշը» Ռուսաստանում կարողացել էր առավելության հասնել ռուսաստանյան «Չևակատայի» նկատմամբ, իսկ «Հատիսը» նույն այդ «Չևակատային» Երևանում մեծ դժվարությամբ հաղթեց: Սա նշանակում է, որ թուրքական թիմը համեմատաբար ավելի ուժեղ է և իր երկրպագուների աջակցության պայմաններում պետք է ձգտեր հաղթել հայկական թիմին: Սակայն «Հատիսն» արտագնա խաղում պարզապես ջախջախեց «Բեշիկթաշին»` ապացուցելով, որ Եվրոպայի գավաթի 2009-2010 թթ. խաղարկության ընթացքում լուծում է խաղային խնդիրները և առաջընթաց ապրում: Սա է ամենակարևորը:

Placeholder
«Հատիսը» պարտության մատնեց թուրքական թիմին