Վարչապետն ընդունել է Լեհաստանի  ազգային պաշտպանության նախարարին
Տնտեսություն
13:26 28/11/2009

Վարչապետն ընդունել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Բոգդան Կլիխի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրին կառավության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը հույս է հայտնել, որ «պատվիրակության այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև փոխհարաբերությունների ամրապնդման համար, հատկապես ռազմական համագործակցության ոլորտում, որը կարևոր նշանակություն ունի»:

Տ. Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել Լեհաստանի Հանրապետության Սեյմի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունման կապակցությամբ: Իսկ Բ. Կլիխը Տ. Սարգսյանին է փոխանցել գործընկերոջ` Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի ջերմ ողջույնները, որի այցը Հայաստան նախատեսվում է առաջիկայում:
Անդրադառնալով տարածաշրջանային ներկա զարգացումներին` Հայաստանի կառավարության ղեկավարը ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Բ. Կլիխը նշել է, որ Լեհաստանը Հարավային Կովկասում հիմնախնդիրների խաղաղ կարգավորման կողմնակից է: «Մենք բարձր ենք գնահատում արձանագրությունների ստորագրման գործընթացը»,- նշել է հյուրը: Բացի այդ, կողմերն անդրադարձել են նաև ՆԱՏՕ-ի շրջանակներում իրականացվող «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին: Նշվել է, որ Լեհաստանի Հանրապետությունը կես տարի հետո ստանձնելու է ԵՄ նախագահությունը և հետաքրքրված է լեհ-շվեդական նախաձեռնությամբ իրականացվող «Արևելյան գործընկերություն» ծրագրով:

Նշենք, որ հանդիպման վերջում վարչապետն իր ջերմ ողջույններն է փոխանցել Լեհաստանի Հանրապետության վարչապետին և հույս հայտնել, որ վերջինիս այցը Հայաստան մեծապես կնպաստի տնտեսական կապերի ամրապնդմանն ու խորացմանը: «Լեհաստանը կարող է մեր տարածաշրջանում ավելի բարձր մակարդակով ներկայացված լինել, և մենք դրանում շահագրգռված ենք»,-եզրափակել է Տ. Սարգսյանը:
Placeholder
Վարչապետն ընդունել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարին