Հռիփսիմե Խուրշուդյանն աշխարհում երրորդն է
Սպորտ
13:04 28/11/2009

Հռիփսիմե Խուրշուդյանն աշխարհում երրորդն է

Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսօր ավարտեց ելույթները հարավկորեական Գոյանգ քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում: Մեր ընտրանու վերջին ներկայացուցիչը` Հռիփսիմե Խուրշուդյանը, մինչև 75 կգ քաշային կարգում հաջող ելույթներ ունեցավ: Պոկում վարժությունում Հռիփսիմեն առաջին մոտեցմամբ իր կամքին ենթարկեց 120 կգ ծանրաձողը, սակայն ձախողեց հաջորդ երկու փորձերը: Նա պատվիրել էր 125 կգ, բայց չկարողացավ հաղթահարել այդ քաշը:

120 կգ ցուցանիշը, սակայն, լիովին բավարար էր, որպեսզի նա գրավի 3-րդ տեղը և արժանանա փոքր բրոնզե մեդալի: Այս քաշային կարգում փոքր ոսկե մեդալին տիրացավ Ղազախստանի ներկայացուցիչ Սվետլանա Պոդոբեդովան` արձանագրելով 132 կգ արդյունք: Երկրորդը չինացի Լեի Կաոն էր` 121 կգ ցուցանիշով:

Հրում վարժությունում Հռիփսիմեն նախ բարձրացրեց 141 կգ քաշը: Ճիշտ է` երկրորդ փորձով նա չկարողացավ իր կամքին ենթարկել 147 կգ ծանրաձողը, սակայն երրորդ մոտեցմամբ, այնուամենայնիվ, գրոհեց նաև այդ բարձունքը, որը, ինչպես պարզվեց, կրկին փոքր բրոնզե մեդալ էր պարգևում նրան: Իսկ առաջին երկու տեղերում կրկին Սլետլանա Պոդոբեդովան ու Լի Կաոն էին` 155 և 148 կգ արդյունքով: Բնականաբար, երկամարտում նույնպես այս մարզուհիները համապատասխան տեղեր գրավեցին:

Հռիփսիմե Խուրշուդյանը 267 կգ արժանացավ բրոնզե մեդալակրի կոչմանը` 20 կգ-ով զիջելով չեմպիոնի կոչումը նվաճած Սվետլանա Պոդոբեդովային: Իսկ Լեի Կաոն ընդամենը երկու կիլոգրամով գերազանցեց հայ մարզուհուն:
Ավելացնենք, որ ծանրամարտի հայկական պատվիրակությունը մարզաձևի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Սամվել Խաչատրյանի գլխավորությամբ Երևան կվերադառնա նոյեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը:


Placeholder
Հռիփսիմե Խուրշուդյանն աշխարհում երրորդն է