Հայաստանը շրջանցեց Ռուսաստանին
Սպորտ
13:03 30/11/2009

Հայաստանը շրջանցեց Ռուսաստանին

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը թիմային հաշվարկով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Մեր թիմը վաստակեց 3 ոսկե, 4 արծաթե և 5 բրոնզե (ընդհանուր առմամբ` 12) մեդալ: Անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ Հայաստանի տղամարդկանց և կանանց թիմերն ընդամենը 7 մարզիկ էին ներկայացնում Հարավային Կորեայի Գոյանգ քաղաքում ավարտված ծանրամարտի համաշխարհային ստուգատեսում:

Ավելի լավ արդյունք արձանագրել են միայն Չինաստանի, Ղազախստանի և Կորեայի հավաքականները: Չինացիները 39 մեդալով (18 ոսկե, 11 արծաթե և 10 բրոնզե) մրցակցությունից դուրս էին: Ղազախ մարզիկները Հայաստանի հավաքականի հետ հավասար քանակով մեդալներ վաստակեցին, սակայն ոսկե մեդալների թվով գերազանցում էին մեր ազգային թիմին և զբաղեցրեցին 2-րդ տեղը: Երրորդը ճանաչված կորեացիներն իրենց ակտիվում ունեն 6 ոսկե, 3 արծաթե և 5 բրոնզե մեդալ:

Ավելացնենք, որ թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը շրջանցեց այնպիսի երկրների ընտրանիների, ինչպիսիք են Ռուսաստանը, Լեհաստանը, Բելառուսը, Ուկրաինան, Թուրքիան: Ադրբեջանի ընտրանին, ի դեպ, հաստատվեց 12-րդ տեղում` վաստակելով ընդամենը 1 արծաթ մեդալ:
Placeholder
Հայաստանը շրջանցեց Ռուսաստանին