Հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը  2300-ն է
Առողջություն
14:36 01/12/2009

Հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը 2300-ն է

Հայաստանում մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թվականից: Ինչպես այսօր ասուլիսում ասաց հանրապետության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը, այդ թվականից մինչև այս տարվա դեկտեմբերի 1-ը հանրապետությունում ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 808 դեպք, որոնցից 134 -ը` միայն այս տարվա ընթացքում:

Ինչպես նշեց բանախոսը, ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները` 590 մարդ (73%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 218 դեպք (27%): ՄԻԱՎ վարակի 16 դեպք` 2%, գրանցվել է երեխաների մոտ:

«ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է Երևանում` 352 դեպք, որը կազմում է բոլոր գրանցված դեպքերի 43,6%-ը, իսկ հիվանդության գրանցված դեպքերի թվով մայրաքաղաքին 10,4% ցուցանշով հաջորդում է Շիրակի մարզը»,-ասաց Ս. Գրիգորյանը:

Ըստ նրա, ՄԻԱՎ վարակով հիվանդներից 371-ի մոտ (85 կին, 8 երեխա) ախտորոշվել է ՁԻԱՀ, ընդ որում 78-ի մոտ` այս տարվա ընթացքում:

Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 200 դեպք: Մահացածների թվում կան 33 կին և 4 երեխա: Բացի այդ, նա նշեց, որ ՄԻԱՎ վարակով հիվանդ տղամարդկանց մեծամասնությունը` 57%-ը ներարկային թմրամիջոցներ օգտագործողներ են, իսկ գրեթե հիվանդ բոլոր կանայք` 98%-ը, վարկվել են սեռական ճանապարհով:

Այսպիսով` Ս. Գրիգորյանը նշեց, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 2300:


Նշենք, որ Հայաստանում, հիմանկանում, ՄԻԱՎ վարակի փոխանցման ուղին հետերոսեքսուալ ճանապարհն է` դեպքերի 50%-ը, և թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը` 41,2%: Իսկ բացի սա, հանրապետությունում գրանցվել է մորից երեխային, արյան և հոմոսեքսուալ ճանապարհով վարակի փոխանցման դեպքեր:
Placeholder
Հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը 2300-ն է