Այսօր ՁԻԱՀ-ի հակազդման համաշխարհային օրն է. ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը ուղերձ է հղել
Առողջություն
11:58 01/12/2009

Այսօր ՁԻԱՀ-ի հակազդման համաշխարհային օրն է. ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը ուղերձ է հղել

ՁԻԱՀ-ի հակազդման համաշխարհային օրվա առթիվ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն ուղերձ է հղել:

«Աշխարհի որոշ երկրներում ՁԻԱՀ-ի համաճարակի հակազդման առաջընթացի նշաններ են նկատվում: ՁԻԱՀ-ի հակազդման գործընթացում ներդրումները արդյունքներ են տալիս և փրկում կյանքեր:
Միևնույն ժամանակ գլոբալ առումով նոր վարակներ գերազանցում են ձեռք բերված նվաճումները` մարդկանց կանգնեցնելով նոր սպառնալիքի առաջ, և ՁԻԱՀ-ը շարունակում է մնալ վաղաժամ մահվան հիմնական պատճառն աշխարհում»,-ասված է ուղերձում:
Գլխավար քարտուղարը նշել է, որ պետք է շարունակել այն, ինչ արդյունավետ է, բայց նաև պետք է ավելին անել, այն էլ շատ շտապ, «որպեսզի իրականացնենք մեր պարտավորությունը. այն է` ՄԻԱՎ-ի կանխարգելման, բուժման, խնամքի և աջակցության համընդհանուր հասանելիության ապահովում մինչև 2010 թվականը»:


Այս նպատակին հնարավոր է հասնել միայն այն դեպքում, երբ մենք ՄԻԱՎ-ին անդրադառնանք մարդու իրավունքների ամբողջ լույսի տակ: Դա նշանակում է պայքարել ՄԻԱՎ-ին վերաբերող յուրաքանչյուր խարանի և խտրականության դեմ: Դա նշանակում է կանանց և աղջիկների նկատմամբ բռնության նվազեցում, ՄԻԱՎ-ի մասին տեղեկատվության և ծառայությունների հասանելիության ապահովում:

«Ես կոչ եմ անում բոլոր երկրներին վերացնել պատժիչ օրենքները, քաղաքականություններն ու պրակտիկան, որոնք խոչընդոտում են ՁԻԱՀ-ի հակազդմանը` ներառյալ ՄԻԱՎ-ով ապրող անձանց հանդեպ կիրառվող ճանապարհորդելու սահմանափակումները: ՁԻԱՀ-ի հակազդման ճիշտ գործողությունները պետք է ոչ թե պատժեն, այլ պաշտպանեն մարդկանց»,-կոչ է արել Պան Գի Մունը, ավելացնելով, թե ՁԻԱՀ-ի հակազդման համաշխարհային այս օրը եկեք պաշտպանենք ՄԻԱՎ-ով ապրող անձանց, վարակի ռիսկի նկատմամբ խոցելի մարդկանց, համաճարակի ազդեցությունը կրող ընտանիքների և երեխաների իրավունքները: Եկեք հատկապես այս տնտեսական ճգնաժամի ժամանակ օգտագործենք ՁԻԱՀ-ի հակազդումը` Հազարամյակի զարգացման նպատակներին հասնելու գործում առաջընթաց ունենալու նպատակով: Իսկ ամենակարևորը` եկեք հիմա գործենք:
Placeholder
Այսօր ՁԻԱՀ-ի հակազդման համաշխարհային օրն է. ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը ուղերձ է հղել