ԱՄՀ-ն կշարունակի աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին
Տնտեսություն
14:51 09/12/2009

ԱՄՀ-ն կշարունակի աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսին` Հայաստանում աշխատանքային առաքելությունն ավարտելու կապակցությամբ, և այդ պաշտոնում նրան փոխարինող Գիերմո Տոլոսային, տեղեկացնում են կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը ՀՀ կառավարության անունից ջերմ շնորհակալություն է հայտնել Նինկե Օմեսին մեր երկրում արդյունավետ աշխատանքի համար, ճանաչողական զրույց ունեցել Գիերմո Տոլոսայի հետ, ով մինչև նոր պաշտոնին անցնելը պաշտոնավարել է ԱՄՀ ռազմավարության, քաղաքականության և ուսումնասիրության դեպարտամենտի նոր ձևավորվող շուկաների բաժնում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով առաջացած խնդիրների շուրջ:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը խոսել է ճգնաժամի հարուցած հետևանքներին դիմակայելու ուղղությամբ կառավարության գործադրած ջանքերի, Հայաստանի տնտեսության վրա նրա ունեցած դրսևորումների մասին, նշել այն խնդիրներն ու ուղղությունները, որոնք առաջիկայում ևս գտնվելու են ՀՀ կառավարության և Արժույթի միջազգային հիմնադրամի համագործակցության շրջանակում: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ ԱՄՀ նոր մշտական ներկայացուցչի հետ աշխատանքը կլինի նույնքան արդյունավետ:

Նինկե Օմեսը վստահեցրել է, որ ԱՄՀ-ն կշարունակի աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և հնարավորինս կօժանդակի մեր երկրին հաղթահարելու առկա հիմնախնդիրները:
Placeholder
ԱՄՀ-ն կշարունակի աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին