«Նաիրիտ» է ժամանել Հայաստանում Ռուսաստանի դեսպանը
Տնտեսություն
17:47 09/12/2009

«Նաիրիտ» է ժամանել Հայաստանում Ռուսաստանի դեսպանը

Այսօր «Նաիրիտ Գործարան» ՓԲ ընկերություն է ժամանել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:

«Նաիրիտի» ղեկավարության ուղեկցությամբ պարոն Կովալենկոն այցելել է ձեռնարկության ինչպես վթարից հետո լիովին վերականգնված ու նորացված, այնպես էլ մի շարք այլ արտադրամասեր:

Բարձրաստիճան հյուրին ներկայացնելով ընկերության ներկա վիճակը, խնդիրները, ձեռքբերումներն ու զարգացման հեռանկարները, ՓԲԸ գլխավոր տնօրեն Վ. Մելքոնյանը հավաստել է Նաիրիտի ղեկավարության ցանկությունը` պահպանել տնտեսական համագործակցության լավագույն ավանդույթները և առաջարկել զարգացման նոր ուղղություններ համապատասխան ընկերությունների միջև:

Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանը, կարևորելով ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տնտեսական կապերի առավել լայնացման ու ամրացման անհրաժեշտությունը, ինչպես նաև դիտարկելով Նաիրիտը որպես անհատական մոտեցման արժանի խոշորագույն ձեռնարկություն, հավաստել է իր պատրաստակամությունը նպաստել «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի և ռուսական համապատասխան կազմակերպությունների միջև փոխշահավետ հարաբերությունների հաստատմանը: Այս մասին հայտնեցին ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից:
Placeholder
«Նաիրիտ» է ժամանել Հայաստանում Ռուսաստանի դեսպանը