Նախագահ Սարգսյանը ռեկտորներից ակնկալում է դինամիկ, նախաձեռնողական և նպատակաուղղված աշխատանք
Կրթություն, գիտություն
18:48 16/12/2009

Նախագահ Սարգսյանը ռեկտորներից ակնկալում է դինամիկ, նախաձեռնողական և նպատակաուղղված աշխատանք

Բուհական համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու հետագա քայլերն են քննարկվել Նախագահ Սերժ Սարգսյանի և պետական բուհերի ռեկտորների այսօր կայացած հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնեցին նախագահի մամլո գրասենյակից:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ նման հանդիպումները պարբերական բնույթ են կրելու: Կարևորելով կրթության որակի բարձրացումը` նա ընդգծել է. «Ձեր, Ձեր ղեկավարած բուհերի գործունեությամբ է պայմանավորված, թե վաղը մենք ինչ մասնագետներ ենք ունենալու, ինչպիսին է լինելու մեր երկրի ապագան»:

Խոսելով բուհական կրթության հիմնական խնդիրների ու անելիքների մասին, ռեկտորները պետության ղեկավարին են ներկայացրել կրթության որակի բարձրացման, կառավարման համակարգի կատարելագործման և ժամանակակից պահանջներին դրա համապատասխանեցման ուղղությամբ ընթացող աշխատանքները: Մասնավորապես, խոսվել է Հայաստանի` Բոլոնիայի գործընթացին միանալու, կրթական երկաստիճան և կրեդիտային համակարգերի ներդրման ընթացքում ի հայտ եկած խնդիրների և դրանց լուծման ուղիների մասին:

Քննարկվել են նաև բուհերի կազմակերպաիրավական կարգավիճակի, մասնավոր բուհերի գործունեության, օտարերկրյա քաղաքացիների ուսումնառության գործընթացի կազմակերպման հետ կապված հարցեր: Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրել է ոլորտի զարգացման հիմնական գերակայություններից բխող քայլերի իրականացման ներկա ընթացքը:

Սերժ Սարգսյանը հետաքրքրվել է նաև ուսուցման նոր տեխնոլոգիաների կիրառման, ուսումնական լաբորատորիաների արդիականացման գործընթացով: Նա նշել է, որ անհրաժեշտ է համապարփակ մոտեցում ցուցաբերել ուսանողներին մասնագիտական նոր, ժամանակակից տեխնիկական բազայով ապահովելու հարցում և ուշադրություն է հրավիրել այս խնդրի հնարավորինս արագ լուծմանը:

Նախագահ Սարգսյանը նաև ասել է, որ ռեկտորներից ակնկալում է դինամիկ, նախաձեռնողական և նպատակաուղղված աշխատանք` բուհական բարեփոխումներն արդյունավետ առաջ տանելու համար:
Placeholder
Նախագահ Սարգսյանը ռեկտորներից ակնկալում է դինամիկ, նախաձեռնողական և նպատակաուղղված աշխատանք