«Ամերիա»-ն և Breckenhill ընկերությունը մշակում են ՀՀ կառավարության մոնիտորինգի և գնահատման ազգային համակարգ
Տնտեսություն
12:04 18/12/2009

«Ամերիա»-ն և Breckenhill ընկերությունը մշակում են ՀՀ կառավարության մոնիտորինգի և գնահատման ազգային համակարգ

«Ամերիա» ՓԲԸ-ն Breckenhill կանադական խորհրդատվական ընկերության հետ համատեղ ներգրավված է Համաշխարհային բանկի ինստիտուցիոնալ զարգացման հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ծրագրում, որի նպատակն է զարգացնել արդյունավետ պետական կառավարման համակարգ` կատարողականի գնահատման վստահելի, գործող և օբյեկտիվ համակարգի ներդրման միջոցով: Այս մասին տեղեկացնում են «Ամերիա» բանկի լրատվական ծառայությունից:

Ամերիան և Breckenhill ընկերությունը աջակցում են կառավարությանն ինստիտուցիոնալ կարողությունների, գիտելիքների և հմտությունների զարգացման գործում` կառավարման օղակների գործընթացները և գործառույթները նկարագրելու և օպտիմիզացնելու նպատակով, որի հիման վրա հնարավոր կլինի վերանայել և փոփոխել պետական ծառայողների աշխատանքային պարտականությունները (պաշտոնների անձնագրեր), ինչպես նաև ներկայացնել քաղաքացիական ծառայողների կողմից կատարվող աշխատանքի արդյունավետ գնահատման մեխանիզմներ: Այս ծրագրի շրջանակներում խորհրդատուներն աջակցելու են ՀՀ կառավարությանը մոնիթորինգի և գնահատման ազգային համակարգի ստեղծման գործում: Նախագծի իրագործման տևողությունը 18 ամիս է:

Այս ծրագրի նպատակն է ստեղծել պետական կառավարման արդյունավետ համակարգ` միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան: Ծրագիրն աջակցում է կառավարությանը ՀՀ կառավարության աշխատակազմում և ծրագրի փորձնական շրջանի համար ընտրված 6 նախարարություններում (ՀՀ առողջապահության նախարարություն, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ մշակույթի նախարարություն, ՀՀ տարածքային կառավարման նախարարություն, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն և ՀՀ ֆինանսների նախարարություն) նման համակարգ ստեղծելու և ներդնելու գործում:

Ծրագրի գործունեության հիմնական ուղղություններն են` շահառու հաստատությունների և կառուցվածքային ստորաբաժանումների ընթացակարգերի վերլուծություն, նոր գործընթացների ներմուծում, ինչպես նաև մոնիթորինգի կարողությունների զարգացում: Ամերիան մշակելու է մեթոդական ձեռնարկներ գործընթացների վերլուծության և նկարագրության, կատարողականի կառավարման ցուցանիշների մշակման և կատարողականի գնահատման իրականացման համար, ինչպես նաև կանցկացնի թեմատիկ դասընթացներ համապատասխան կառավարման մարմինների համար:

Ծրագիրը բարելավելու է շահառու հաստատությունների կարողությունները` գործընթացների վերլուծության, ինստիտուցիոնալ բոլոր մակարդակներում աշխատանքային պլանների մշակման, գործունեության կառավարման ցուցանիշների մշակման և կատարողականի գնահատման իրականացման համար: Ծրագիրը կնպաստի պետական մարմինների ավելի արդյունավետ աշխատանքի երաշխավորման գործին: Որպես ծրագրի շարունակություն` արդյունքները աստիճանաբար ներդրվելու են կառավարության բոլոր այլ կառույցներում և հաստատություններում:
Placeholder
«Ամերիա»-ն և Breckenhill ընկերությունը մշակում են ՀՀ կառավարության մոնիտորինգի և գնահատման ազգային համակարգ