Նախագահ Սարգսյան. Մենք կարողացանք խուսափել ամենավատթարագույնից` սոցիալական ցնցումներից
Տնտեսություն
17:23 22/12/2009

Նախագահ Սարգսյան. Մենք կարողացանք խուսափել ամենավատթարագույնից` սոցիալական ցնցումներից

Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ Նախագահի նստավայրում ընդունելության էր հրավիրել Հայաստանի գործարար համայնքի հարյուրից ավելի ներկայացուցիչների: Այս մասին հայտնեցին նախագահի մամլո գրասենյակից:

Շնորհավորելով հրավիրյալների գալիք Նոր տարին և Սուրբ Ծնունդը` Հանրապետության Նախագահն ասել է. «Անցնող տարին մեր տնտեսության համար բարդ և խնդիրներով լի ժամանակահատված էր: Ձեզնից յուրաքանչյուրը ստիպված է եղել ոչ միայն պայքարել անբարենպաստ տնտեսական միջավայրի բերած խնդիրների դեմ, այլև լուծումներ փնտրելիս անընդհատ հաշվի առնել մարդկային գործոնը` գիտակցելով աշխատակիցների և նրանց ընտանիքների հանդեպ սոցիալական պատասխանատվությունը: Գիտեմ, որ որոշումները, որոնք դուք կայացրել եք, միշտ չէ, որ բխել են գործարարության, բիզնեսի դասական կանոններից: Հաճախ է եղել, որ որոշումները կայացվել են ոչ թե հօգուտ բիզնեսի արագ զարգացման, այլ հօգուտ մարդկանց, ձեր աշխատակիցների` հնարավորինս առաջնորդվելով աշխատատեղեր չկրճատելու տրամաբանությամբ»:

Հանրապետության նախագահն ընդգծել է, որ արդյունքում, համատեղ ուժերով, կառավարության հետ համագործակցելով, մենք կարողացանք խուսափել ամենավատթարագույնից` սոցիալական ցնցումներից, սոցիալապես առավել անապահով խավի վրա բացասական մեծ ազդեցությունից:


«Այսօր, երբ մտովի հետ ենք նայում 2009 թվականի տնտեսական զարգացումներին, կատարված քայլերին և ձեզնից շատերի վարքագծին, կարելի է արձանագրել, որ Հայաստանում կայանում է գործարարների այն խավը, որի նպատակադրումը ոչ թե այսրոպեական շահույթներ կորզելն է, այլ երկարաժամկետ ու ծանրակշիռ գործարար ձեռագիր կերտելը: Հենց գործարարների նման խավն է ցանկացած երկրի ու նրա հոգսերի կարևորագույն հենարանը»,-ասել է նախագահ Սարգսյանը:

Placeholder
Նախագահ Սարգսյան. Մենք կարողացանք խուսափել ամենավատթարագույնից` սոցիալական ցնցումներից