Ս. Սարգսյան. ԵՊՀ-ն մեր ժողովրդի պարծանքն է, մեր գիտության, կրթության առաջատարը
Կրթություն, գիտություն
14:00 25/12/2009

Ս. Սարգսյան. ԵՊՀ-ն մեր ժողովրդի պարծանքն է, մեր գիտության, կրթության առաջատարը

Այսօր Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանի խորհրդի նիստը:

Նիստում բացման ելույթով հանդես եկավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա նշեց, որ ավարտին է մոտենում 2009 թվականը և ձևավորված ավանդույթի համաձայն,   անց է կացվում ԵՊՀ-ի խորհրդի  վերջին նիստը, որի նպատակն է  ամփոփել  տարվա ընթացքում կատարված աշխատանքները, նշել`  հաջողություններն ու բացթողումները:

Ս. Սարգսյանը նշեց, որ նախորդ նիստից հետո կյանքից հեռացել են խորհրդի երկու անդամներ` ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր Աիդա Ավետիսյանը և Հայաստանի Հանրապետության ոստիկանապետի տեղակալ Գևորգ Մհերյանը: Նախագահի առաջարկով մեկ րոպե լռությամբ հարգվեց նրանց հիշատակը:

Ս. Սարգսյանը նշեց, որ այս տարին հոբելյանական էր բոլորի համար`«լրացավ մեր համալսարանի 90-ամյակը»:

«Ասում եմ մեր, քանի որ Երևանի պետական համալսարանը մեր ժողովրդի պարծանքն է, մեր գիտության, կրթության առաջատարը, որը 90 տարիների ընթացքում տվել է 100 հազարից ավելի շրջանավարտ: ԵՊՀ-ի շրջանավարտները և դասախոսները միշտ էլ հանդիսացել են թե Հայաստանի Հանրապետությունում, թե Հայաստանի Սովետական Սոցիալիստական հանրապետությունում գիտության նոր ճյուղերի հիմնադիրներ և զարգացնողներ, ընդհանրապես, հսկայական դերակատարություն են ունեցել մեր ժողովրդի զարգացման գործում: Կարծում եմ` մեր բոլորիս խնդիրն է այս ավանդույթները փայփայել, պահել և զարգացնել` ի փառս մեր ժողովրդի, հանուն մեր պետության»,- ասաց նախագաը:

Նա նշեց, որ այսօրվա խորհրդի նիստին 70 գործընկերներից մասնակցում է 60-ը, ինչը իրավունք է տալիս սկսելու աշխատանքները: Խորհրդի օրակարգում ընդգրկված էր 5 հարց:

Օրակարգի առաջին հարցը զեկուցեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Նա ներկայացրեց հաշվետություն ԵՊՀ 2008-2009 ուսումնական տարվա գործունեության վերաբերյալ:


Placeholder
Ս. Սարգսյան. ԵՊՀ-ն մեր ժողովրդի պարծանքն է, մեր գիտության, կրթության առաջատարը