Սփյուռքի նախարարության ուշադրության կենտրոնում սփյուռքահայ երիտասարդների կրթական խնդիրներն են
Կրթություն, գիտություն
12:33 29/12/2009

Սփյուռքի նախարարության ուշադրության կենտրոնում սփյուռքահայ երիտասարդների կրթական խնդիրներն են

«Մեր աշխատանքի թիվ մեկ թիրախը, մեզ համար կարևորը Սփյուռքում երիտասարդությունն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ամփոփելով անցնող տարին ու ներկայացնելով առաջիկա ծրագրերը, ասաց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նրա խոսքերով, ամեն ինչ արվում է, որ երիտասարդական ծրագրերը գրավիչ լինեն, որպեսզի նրանք կապվեն հայրենիքի հետ: Այս առումով նա ընդգծեց «Արի տուն» ծրագիրը, որը փայլուն արդյունքներ է տվել: Մինչ այսօր էլ նախարարությունը բազմաթիվ նամակներ է ստանում ծրագրի մասնակից երիտասարդներից ու նրանց ծնողներից: Հիշեցնենք, որ այս ծրագրի շրջանակում 300 երիտասարդ է այցելել Հայաստան, նրանք ապրել են հայ ընտանիքներում, ծանոթացել Հայրենիքին, ձեռք բերել բարեկամներ:

Նախարարության ուշադրության կենտրոնում են լինելու հատկապես երիտասարդների կրթական խնդիրները:

Ըստ նրա տարբեր համայնքեր այցելած նախարարության աշխատակիցներին    երկու հիմնական  պահանջ են ներկայացրել` գիրք ու մշակութային կապ հայրենիքի հետ. «Արդեն  20 տարի է` գիրք չեն ստացել և  մշակութային խոշոր խմբեր չեն այցելել այդ երկրներ»,-ասաց Հ. Հակոբյանը;

Նրա խոսքերով,  պետական բյուջեից տրամադրված 70 մլն դրամը չի բավականացրել դասագրքերի հրատարակության համար, ևս 500 այբբենարանի կարիք է զգացվել:

Խնդիրների լուծման նպատակով մի շարք քայլեր են ձեռնարկվել, տարբեր երկրներում ստեղծվել է 20 մեկօրյա դպրոց, հայրենիքում վերապատրաստվել են ավելի մեծ թվով երկրների հայ ուսուցիչներ, այդ թվում Թուրքիայից: Ծրագրին մասնակից ուսուցիչների թիվն ավելացել է 4 անգամ: Նախարարությունում մտածել են, որ ավելի ճիշտ կլինի ոչ թե ուսուցիչներին բերել հայրենիք, այլ վերապատտարստողներ ուղարկել Սփյուռք:

Առաջին անգամ սկսվել է դպրոցների քույրացման նախաձեռնությունը: Արդեն կապեր են ստեղծվել մի քանի հայաստանյան ու արտասահմանում գործող հայկական կրթօջախների միջև, հետագայում հնարավոր կլինի նաև փոխանակման ծրագրեր իրականացնել:

Placeholder
Սփյուռքի նախարարության ուշադրության կենտրոնում սփյուռքահայ երիտասարդների կրթական խնդիրներն են