Հայաստանը Հաիթիին կտրամադրի 100 հազար ԱՄՆ դոլար աջակցություն
Տնտեսություն
15:56 21/01/2010

Հայաստանը Հաիթիին կտրամադրի 100 հազար ԱՄՆ դոլար աջակցություն

Հայաստանի կառավարության այսօրվա նիստում որոշվել է Հաիթիում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի ծանր հետևանքները վերացնելու համար այդ երկրին տրամադրել 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` որպես օգնություն:

Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը նաև անդրադարձել է բազմաթիվ քաղաքացիների հարցումներին, թե ինչու Հայաստանն օպերատիվ չի արձագանքել աղետին: Նրա խոսքով, 50 հոգուց բաղկացած փրկարարական ջոկատը աղետի հենց հաջորդ օրվանից պատրաստ է եղել մեկնման, բայց չի մեկնել,  որովհետև Հաիթին պատրաստ չի եղել ընդունել այն: Բացի այդ, եղել են տեխնիկական որոշ խնդիրներ:

«Մենք մեր պատրաստակամությունն էինք հայտնել ինչպես միջազգային կազմակերպություններին, այնպես էլ խոշոր ծավալի օգնություն ցուցաբերող պետություններին, տեղեկացրել, որ մեր փրկարարներն ունեն հմտություն, փորձ, կարողություն», - հավելել է վարչապետը:

ՀՀ կառավարության մյուս` նյութական օժանդակություն, մասնավորապես սարքավորումներ ուղարկելու մասին առաջարկությունը նույնպես մերժվել է, քանի որ ֆիզիկապես տեղափոխելու խնդիր է եղել: Հետևաբար, միջազգային կազմակերպությունները, ըստ վարչապետի, Հայաստանին առաջարկել են ֆինանսական օժանդակություն ցուցաբերել:


«Բնական է մեր քաղաքացիների այդ պոռթկումը, թե մենք նույնպես պարտավոր ենք մեր օգնությունը ցուցաբերել այն երկրներին, որոնք դառնում են երկրաշարժի աղետալի հետևանքների զոհ: Եվ ուզում էի, որ այս տեղեկությունը հասանելի լիներ ձեզ և մեր քաղաքացիներին` աղետի հենց առաջին ժամերից խնդիրը գտնվել է հանրապետության նախագահի անմիջական հսկողության տակ, և այն պահից, երբ նախագահն իր ցավակցությունը հայտնեց Հաիթիի ժողովրդին, նախագահին, հենց այդ պահից էլ մենք նրա հանձնարարությամբ ձեռնամուխ ենք եղել գտնել օժանդակության լավագույն տարբերակը: Այնպես որ, այսօր մենք որոշում ենք կայացնում և 100.000 դոլար հատկացնում աղետի հետևանքները վերացնելու աշխատանքներին», -ասել է վարչապետը, տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից:
Placeholder
Հայաստանը Հաիթիին կտրամադրի 100 հազար ԱՄՆ դոլար աջակցություն