Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռազմիկ Ստեփանյան. «Ադրբեջանի հավաքականը, ըստ մեր տեղեկությունների, կժամանի Երևան»
Այսօր «Անի» հյուրանոցում զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպեցին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ, «Հայաստան» մարզական միության նախագահ Ռազմիկ Ստեփանյանը և ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը: Նրանք ներկայացրեցին փետրվարի երկրորդ տասնօրյակում Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկության նախապատրաստական աշխատանքները, անդրադարձան նաև Ադրբեջանի հավաքականի` երևանյան մրցաշարին մասնակցության հետ կապված խնդրին:
«Աշխարհի գավաթի խաղարկության մասնակիցների ընտրությունը կատարվում է միջազգային ֆեդերացիայի կողմից` հաշվի առնելով նախորդ աշխարհի առաջնության արդյունքները: Ադրբեջանը, որպես զարգացած ըմբշամարտ ունեցող երկիր, իրավունք է ստացել` մասնակցելու Երևանում կայանալիք առաջնությանը: Ըստ մեր ունեցած տեղեկությունների` ադրբեջանցիները պետք է ժամանեն Հայաստան: Ըստ երևույթին` նրանք հայտը կներկայացնեն միջազգային ֆեդերացիային, որը, իր հերթին, մեզ կփոխանցի կոնկրետ տվյալները: Սակայն առայսօր միջազգային ֆեդերացիան որևէ պաշտոնական հայտարարություն չի կատարել, հայտ չի ներկայացրել: Վերջնաժամկետը մինչև հունվարի վերջն է, և առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում մենք, կարծում եմ, որոշակի պատասխան կունենանք»,- նշեց Ռազմիկ Ստեփանյանը:
Կապված նույն խնդրի հետ` ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը նախ բացատրեց, որ Հայաստանը չի կարող անմիջապես Ադրբեջանից որևէ տեղեկություն կամ հայտ ստանալ, որովհետև երկու երկրների ֆեդերացիաները որևէ կապ չունեն:
«Ըստ գործող կարգի` նամակով դիմել ենք միջազգային ֆեդերացիային և խնդրել ենք տեղեկացնել մեզ` արդյոք Ադրբեջանի հավաքականը մասնակցելո՞ւ է առաջնությանը, եթե այո, ինչպիսի կազմով, որպեսզի լուծենք մասնակցության հետ կապված խնդիրները,- նշեց Հրանտ Ենոքյանը:- Միջազգային ֆեդերացիայից դեռ ոչ մի տեղեկություն չունենք, որ Ադրբեջանի հավաքականը չի ժամանելու Երևան: Եթե, այնուամենայնիվ, ադրբեջանցիները որոշեն չմասնակցել, ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից կընտրվի ևս մեկ թիմ, որը տեղ է զբաղեցնում վարկանշային սանդղակի լավագույն տասնյակում: Այլ կերպ ասած` ընտրությունը կկատարվի Դանիայի, Շվեդիայի և Ուզբեկստանի հավաքականների միջև»:
2010 թ. ապրիլի վերջին Բաքվում մեկնարկելու է Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունը: Եթե Ադրբեջանի ընտրանին հրաժարվի մասնակցել աշխարհի գավաթի խաղարկությանը, հնարավո՞ր է, որ մեր թիմը, իր հերթին, չուզենա մասնակցել մայրցամաքային այդ մրցաշարին:
«Մենք մասնակցել ենք 2007 թ. Բաքվում կայացած աշխարհի առաջնությանը: Այն ժամանակ Բաքու էին մեկնել Հայաստանի ինչպես հունահռոմեական, այնպես էլ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականները` պրն Ռազմիկ Ստեփանյանի գլխավորությամբ: Մեր օրակարգում նման հարց չկա, որովհետև աշխարհի գավաթի խաղարկությունից հետո դեռ երկու ամիս ժամանակ կա, մինչև կմեկնարկի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի հունահռոմեական և ազատ ոճերի ըմբշամարտի հավաքականները, համաձայն օրացուցային պլանի, նախապատրաստվում են Ադրբեջանում տեղի ունենալիք Եվրոպայի առաջնությանը, անկախ նրանից` Ադրբեջանի ընտրանին ժամանելո՞ւ է Երևան, թե ոչ»,- հայտարարեց Հրանտ Ենոքյանը: