Հայաստանի դրոշի բարձրացման արարողությունը` փետրվարի 6-ին
Սպորտ
16:57 02/02/2010

Հայաստանի դրոշի բարձրացման արարողությունը` փետրվարի 6-ին

Փետրվարի 12-ին Կանադայի Վանկուվեր քաղաքում կմեկնարկեն ձմեռային 21-րդ օլիմպիական խաղերը: Համաշխարհային սպորտի այդ մարզահանդեսում իրենց ունակությունները կդրսևորեն նաև Հայաստանի չորս մարզիկներ: Դահուկավազքում հանդես կգան գյումրեցի Քրիստինե Խաչատրյանը (արագավազքում` փետրվարի 17-ին) և աշոցքցի Սերգեյ Միքայելյանը (15 կմ մրցատարածությունում` փետրվարի 15-ին):


Լեռնադահուկային սպորտի մրցումներին կմասնակցեն ամերիկահայ Անի-Մաթիլդա Սերեբրյակյանը (հսկա ոլորավայրէջք` փետրվարի 24-ին, ոլորավայրէջք` փետրվարի 26-ին), ինչպես նաև ծաղկաձորցի Արսեն Ներսիսյանը (հսկա ոլորավայրէջք` փետրվարի 21-ին, ոլորավայրէջք` փետրվարի 27-ին): Այս մասին այսօր հայտարարվեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում հայաստանյան պատվիրակությանը մրցավայր ճանապարհելու միջոցառման ընթացքում:
Նշված մարզիկների մասնակցության մասին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն (ՀԱՕԿ) Միջազգային օլիմպիական կոմիտեից (ՄՕԿ) հունվարի 25-ին ստացել է համապատասխան պաշտոնական գրություն:


ՀՀ մարզական պատվիրակության գլխավոր հանձնակատարն է ՀԱՕԿ-ի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը:
Վանկուվեր կմեկնեն նաև մարզիչներ Սլավիկ Սարգսյանը, Գագիկ Սարգսյանը, Գառնիկ Հակոբյանը, Սամվել Հակոբյանը, Լյովա Հարությունյանը, Ասատուր Պողոսյանը, մարզական լրագրողներ Կարեն Գիլոյանն ու Կարո Պողոսյանը:


Նշենք, որ մեր ընտրանին խաղերին կմասնակցի «Ասիքս» ֆիրմայի մարզահագուստով: Նախապատրաստական բոլոր աշխատանքները` ուսումնամարզական հավաքներ, հանրապետական ու միջազգային մրցաշարեր, ներառյալ` մարզահագուստ, հանդերձանք, ֆինանսավորում և այլ հարցեր, դրական լուծում են ստացել ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ:


Օլիմպիական ավանում փետրվարի 6-ին տեղի կունենա Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը: Փետրվարի 12-ին նախատեսված է Օլիմպիադայի բացման, փետրվարի 28-ին` փակման արարողությունը: Խաղերի ծրագրում ընդգրկված է 15 մարզաձև:


Ավելացնենք, որ առաջին անգամ Հայաստանի մարզիկները ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցել են 1994 թ.` Լիլիհամերի Օլիմպիադայում, այնուհետև մասնակցել են Նագանոյի (1998 թ.), Սոլթ Լեյք Սիթիի (2002) և Թուրինի (2006 թ.) խաղերին:


Փետրվարի 3-ին Վանկուվեր կմեկնի Դերենիկ Գաբրիելյանը, փետրվարի 5-ին` մարզիկներն ու մարզիչները, իսկ փետրվարի 10-ին` լրագրողները:

Placeholder
Հայաստանի դրոշի բարձրացման արարողությունը` փետրվարի 6-ին