«Հեթում արքայի ճաշոցը» նպաստեց Հնդկաստանի հետ  համատեղ աշխատանքների ընդլայնմանը
Տնտեսություն
11:41 02/02/2010

«Հեթում արքայի ճաշոցը» նպաստեց Հնդկաստանի հետ համատեղ աշխատանքների ընդլայնմանը

Մատենադարանի գիտահետազոտական աշխատանքներին նպաստելու համար հայկական ՏՏ ընկերությունների տեխնոլոգիական լուծումների ներդրման փորձի արդյունքներն առիթ են հանդիսացել համագործակցությունն ընդլայնելու և տեխնոլոգիաները Հնդկաստան արտահանելու համար:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում «Ավիաինֆոտել» ընկերությունից նշեցին, որ Հնդկական Oriental Software ընկերությունը համագործակցության պայմանագիր է կնքել հայկական «Ավիաինֆոտել» ՓԲԸ հետ` ընդլայնելու վերջինիս տեխնոլոգիական լուծումների ներդրման մասշտաբները Հնդկաստանի մշակութային ժառանգության ներկայացման համար:

Այս ընկերությունների համագործակցության արդյունքում, անցյալ տարիներին ստեղծվել ևwww.menq.am ու http://www.spatialpix.com կայքերում տեղադրվել են Հնդկաստանի ամբողջ տարածքով մեծ քանակությամբ տաճարների և սրբավայրերի բարձրորակ պատկերներ: Դրանք պարունակում են ճարտարապետական կոթողների ամենանուրբ մանրամասները:


«Մեր գործընկերները վստահորեն աշխատել են ճարտարապետական կոթողները ինտերնետում ներկայացնելու ուղղությամբ, ինչը համահունչ է Հնդկաստանի կառավարության քաղաքականությանը զբոսաշրջության ակտիվացմանը: Սակայն, այդ աշխատանքները չէին ունենում ֆինանսավորման անհրաժեշտ այն մակարդակը, ինչը համապատասխան կլիներ Հնդկաստանի նման երկրի հուշարձանների թվային պատկերները ստանալու համար: «Հեթում արքայի ճաշոցի» մանրանկարները http://www.matenadaran.am պորտալում ներկայացնելուց հետո, հնդկական կողմի մոտ ոչ միայն ավելացավ ցանկությունը, այլև ստեղծվեցին համատեղ աշխատանքները ընդլայնելու հնարավորություններ», – ասում է «Ավիաինֆոտել» ընկերության տեխնիկական գծով մենեջեր Արամ Վրթանեսյանը:


Նա նաև հավելեց` հենց իրենք հնդիկներն են ասում, որ իրենք, լինելով տեխնոլոգիական ընկերություն, հստակ հասկանում են մեր տեխնոլոգիական նորույթների կիրառության դաշտի մեծությունը:

Նա նաև նշեց, քանզի Հայաստան պետությունը ներկայանում է որպես մասնագետների պատրաստման օգնության և կիրառական ծրագրերի ներմուծման կարիք ունեցող երկիր, ապա դժվար է եղել համոզել նրանց պետական պաշտոնյաներին և բիզնես գործընկերներին գումարներ ներդնել հայկական արմատներ ունեցող տեխնոլոգիական լուծումների կիրառության գործում:

Այս հարցում մեծապես օգնել են http://www.matenadaran.am էջում տեղադրված չքնաղ մանրանկարների նմուշները: Դրանցում 1 քառ. սմ մագաղաթի վրա Մեր նախնիները կարողացել են տեղավորել մարդկանց դիմանկարներ, կենդանիների և ծաղիկների պատկերներ նույնքան գեղեցիկ, որքան դա արել են հռչակավոր վարպետները` մեծ պաստառների վրա:

Տեսնելով, թե որքան արագ են ներկայացվում մանրանկարների առանձնամասերը ինտերնետում, նրանց հետ համագործակցող մարդիկ սկսել են ավելի լավ հասկանալ, որ գործ ունեն բարձր մասնագիտական ունակություններով անձնակազմի հետ, որը գործում է հնագույն և խորունկ ավանդույթներով երկրում:
«Ի դեպ, գործնական կապերի ընդլայնումը վերաբերում է ոչ միայն գործի ծավալին, այլև ուղղություններին` ներառելով կրթության բնագավառը: Այս որոշմանը զգալիորեն նպաստել է նաև ներդրված և http://www.matenadaran.am էջում ներկայացված մեր բազմալեզու որոնողական նոր մեթոդը», - ասաց Ա. Վրթանեսյանը:

Placeholder
«Հեթում արքայի ճաշոցը» նպաստեց Հնդկաստանի հետ համատեղ աշխատանքների ընդլայնմանը