Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներկայացրել է 2011թ. ֆինանսական տարվա բյուջեի ծրագիրը: Դրանով, առաջարկվում է 40 մլն դոլարի օգնություն հատկացնել Հայաստանին: Այդ թիվը 10 մլն դոլարով ավելի է, քան նախորդ տարվա առաջարկը և 1 մլն դոլարով ավելի քիչ է, քան անցած տարվա՝ Կոնգրեսի հաստատած բյուջեն։
Ամերիկայի հայ դատի հանձնախմբին այնքան էլ չի բավարարել այս փաստը:
«Հավասարության սկզբունքը չի պահպանվել Միջազգային ռազմական կրթության ու վերապատրաստման համար նախատեսված բյուջեում. Ադրբեջանին այդ նպատակով կհատկացվի 900 հազ. դոլար, Հայաստանին՝ 450 հազ. դոլար»,-ասված է հայտարարության մեջ: ԱՄՆ նախագահի բյուջետային ծրագրի համաձայն` Հայաստանին և Ադրբեջանին հավասար ֆինանսական ռազմական օգնության է հատկացվում` յուրաքանչյուրին 3,5 մլն դոլար:
Միացյալ Նահանգներում գործող ԱՄՆ–ի հայկական կազմակերպություններն ակնկալում էին, որ հատկացվելիք օգնությունը կլինի 70 մլն դոլարի չափով:
Նշենք նաև, որ 2011թ. Ադրբեջանի համար Օբաման Կոնգրեսից խնդրել է 22,12 մլն–ի օգնություն, ինչը 120 հազ. դոլարով ավելին է, քան այն գումարը, որը Կոնգրեսը հաստատել էր անցյալ տարի:
Ամերիկայի հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը ողջունել է 10 մլն դոլարով Հայաստանին հատկացվող օգնությունը մեծացնելու, ինչպես նաև Հայաստանին և Ադրբեջանին հատկացվող օգնության մեջ հավասարության սկզբունքը պահպանելու համար։