Zaman. Հայաստանի հետ մեր հարաբերությունների կարգավորումը տարածաշրջանային առևտրի զարգացման տեսանկյունից շատ կարևոր է
Քաղաքական
10:43 02/02/2010

Zaman. Հայաստանի հետ մեր հարաբերությունների կարգավորումը տարածաշրջանային առևտրի զարգացման տեսանկյունից շատ կարևոր է

«Հարևան պետությունների հետ զրո խնդիր» արտաքին քաղաքական մարտավարությունն ավելացրել է Թուրքիայի արտահանման ծավալները: Նման եզրահանգում է արել թուրքական «Զաման» (Zaman) թերթը: Նշվում է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի տարում 100 մլրդ դոլարի արտահանում իրականացրած Թուրքիան նոր շուկաների որոնման արդյունքում ընթացիկ տարվա առաջին ամսում արդեն ցուցաբերել է դրական ցուցանիշ` արտահանման ոլորտում:


Թուրք արտահանողների խորհրդի (TİM) տվյալներով` 2010-ի հունվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, արձանագրվել է արտահանման ծավալների 12.52 տոկոս աճ` կազմելով 7 մլրդ 911 մլն 661 հազար դոլար: Խորհրդի նախագահ Մեհմեթ Բույուքէքշին նկատել է տվել, որ Իրանի և հարավկովկասյան տարածաշրջանի երկրների հետ հնարավորինս հարթ ու սահուն հարաբերությունները կարող են տնտեսապես շահավետ լինել Թուրքիայի համար:


«Ինչքան նվազագույնի հասցվեն հարևանների հետ ունեցած խնդիրները, այնքան կշարունակեն ավելանալ առևտրաշրջանառության ծավալները: Այդ իմաստով Հայաստանի հետ մեր հարաբերությունների կարգավորումը տարածաշրջանային առևտրի զարգացման տեսանկյունից մեծ կարևորություն ունի: Թուրքիայի և Հարավային Կովկասի երկրների հետ սերտ համագործակցությունն անհրաժեշտություն է դարձել»,- ասել է Բույուքէքշին:


Արևելյան Անատոլիայի արտահանողների միության նախագահ Ջեմալ Շենգելն էլ նշել է, որ Հայաստանի հետ անցյալում տեղի ունեցած խնդիրներից ամենաշատը տուժել է Էրզրումը (Կարին): Նա կոչ է արել համագործակցության հիմքեր դնել: Ըստ Շենգելի` Հայաստանի հետ առևտրի ծավալներն ընդլայնելու նպատակով երկկողմ բանակցություններ են եղել և պատրաստվում են նոր նախագծեր:

Placeholder
Zaman. Հայաստանի հետ մեր հարաբերությունների կարգավորումը տարածաշրջանային առևտրի զարգացման տեսանկյունից շատ կարևոր է